23.11.2024
Զարեհ Սինանյանը Սիրիայում և Լիբանանում քննարկել է հայրենադարձության հարցեր
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Իրանը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին  հայտնում են ՇՄ նախարարությունից:


«Բոլորիս համար շատ կարևոր է, որ շուրջ երկու տարի Քովիդ-19-ով պայմանավորված երկար դադարից հետո կրկին կարող ենք փոխադարձ այցերով վերսկսել մեր երկու երկրների համատեղ աշխատանքները և առավել արդյունավետ ընթացք տալ արդեն գոյություն ունեցողներին։


Այսօրվա հանդիպումը յուրահատուկ է նրանով, որ ընթանում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում։


Հայ-իրանական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն․ մենք ոչ միայն հարևան երկրներ ենք, այլև բարեկամ ժողովուրդներ։ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր մակարդակի համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում՝ մասնավորապես, առևտրաշրջանառության, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գյուղատնտեսության։


Ուրախ եմ, որ Հայաստան Ձեր այցի ընթացքում Երևանում գումարվելու է նաև միմյանց մայրաքաղաքներում ամենամյա հաճախականությամբ անցկացվող Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր երկրների երկուստեք բարեկամական հարաբերությունները և պատրաստակամությունը համատեղ աշխատել ամենլայն համագործակցային փաթեթով։Ուրախ եմ նաև, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կստորագրվի երկար նախապատրաստած և շատ կարևոր հուշագիր, որով մենք կարող ենք նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության նոր ուղղություններ սահմանել և զարգացնել»,-ողջունելով պարոն Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած ներկայացուցչական այցը Շրջակա միջավայրի նախարարություն, նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը։


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը ևս անդրադարձել է հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և փաստեց, որ Հայաստանի և է Իրանի Իսլամական Հանրապետության միջև մշտապես առկա է եղել ջերմ բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը։


Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են շրջակա միջավայրի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի։


Քննարկվել են մասնավորապես ջրային ոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության, էկոզբոսաշրջության ոլորտի խնդիրներ։


Քննարկվել է Արաքս Սահմանային գետի վերաբերյալ վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքը և արձանագրած հաջողությունները, և կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով։


Նախարարն արդյունավետ է գնահատել ԻԻՀ ամբողջ մասնագիտական խմբի աշխատանքները և փաստել, որ մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները իրենց դրական ազդեցությունն են թողել նաև այսաստիճան կարևորության աշխատանքներում։


Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի և իրանական կողմից ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մասնագետի գլխավորությամբ էլ ավելի ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ամիսներ անց առավել նշանակալի արդյունքներ գրանցելու նպատակով։


Անդրադարձ է եղել նաև ջրամբարների կառուցմանը և հայկական կողմը՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի ևս մեկ անգամ հաստատակամություն է հայտնել համագործակցելու ջրամբարների նախագծման և ջրային ռեսուրսների այլ ծրագրերի համակգործակցության հարցերում։


Նախարարը հույս է հայտնել, որ մեր երկու երկրների կառավարությունները դրսևորում են քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն՝ զարգացնելու մեր միջպետական հարաբերություները տարբեր ոլորտներում և որ այս այցը խթան կհանդիսանա հայ-իրանական կապերն ամրապնդելու և շրջակա միջավայրի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի օրակարգի ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման համար։


Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում և կողմերը վերահաստատել են տարածաշրջանում շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն կառավարմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։


Հանդիպման ավարտին նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը նախարար Հակոբ Սիմիդյանին և հայ գործընկերներին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տեղում ծանոթանալու շրջակա միջավայրի ոլորտում և հատկապես ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում իրանական փորձին ծանոթանալու։