Քաղաքապետարանը գրավելու ցանկություն չկա. երթի մասնակիցները քաղաքապետարանի մոտ են
"Դիմադրության" շարժման մասնակիցները երթ են անում Երևանի փողոցներում, վանկարկելով "առանց Նիկոլ Հայաստան", "Նիկոլ դավաճան":
Քիչ առաջ երթի մասնակից քաղաքացիները շրջափակեցին Երևանի քաղաքապետարանի մուտքերն ու ելքերը: Երթևեկությունը կաթվածահար վիճակում է, մի քանի հազար մարդ ուղղակի շրջապատել է քաղաքապետարանի շենքն ու վանկարկում ու ծափահարում:
Ոստիկանները պատ են կազմել քաղաքապետարանի մուտքի ու հավաքի մասնակիցների միջև:
"Շենք մտնելու, այն գրավելու ցանկություն չկա: Միակ ցանկությունն այն է, որ քաղաքապետարանի աշխատակիցները միանան մեր շարժմանը",- հայտարարեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորն ասաց, որ սա ուղերձ է ուղղված նրանց, որպեսզի միանան համաժողովրդական պայքարին:
"Ամենակարևորն այն է, որ մեր ժողովուրդը որևէ բռնություն չի կիրառում և սա սկզբունքային հարց է: Սա բերելու է հաշտության, մեր միասնականության, որպեսզի կարողանանք դիմագրավել մեզ սպառնացող մարտահրավերներին",- ասաց նա՝ նշելով, որ պատգամավորներով առաջին շարքերում են, որպեսզի բացառեն բախումը ոստիկանների հետ:
Իրավիճակը լարված է: