24.11.2024
Դիմադրություն շարժումը մեկնարկեց ավտոերթը դեպի Վանաձոր
prev Նախորդ նորություն

ՀՀ և Գերմանիայի բարեկամական հարաբերությունները ներդաշնակ են զարգանում. Աղաջանյան

Բարեկամական հարաբերությունները մեր պետությունների եւ խորհրդարանների միջեւ բավականին ներդաշնակ են զարգանում. ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:


Մայիսի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:


Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ հատկապես 2019 թ. ընթացքում բավականին ակտիվացել էին բարձրաստիճան փոխայցերը: Կայացել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական փոխայցերը: Սակայն, COVID-19-ի պատճառով անմիջական շփումները պաշտոնական պատվիրակությունների փոխայցերի մակարդակով ժամանակավորապես ընդհատվել էին: Չնայած այդ հանգամանքին` հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ նշել է, որ քաղաքական երկխոսությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ չի ընդհատվել, եւ երկուստեք շահագրգիռ են հայ-գերմանական առավել խորացված համագործակցությամբ:


Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Հայաստանը գնահատում է Գերմանիայի կառավարության ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը` ուղղված մեր երկրում ընթացող ժողովրդավարական եւ տնտեսական ոլորտներում բարեփոխումների աջակցմանը:


Վլադիմիր Վարդանյանը եւս կարեւորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված քայլերը:


Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ողջունել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության որդեգրած սկզբունքային քաղաքականությունը:


Երկուստեք կարեւորել են միջազգային գործընկերների արձագանքը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված ջանքերը:


Այս առնչությամբ նշվել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ Բունդեսթագում կայացած անաչառ քննարկումները:


Ընդգծվել է Հայաստանում GIZ եւ IRZ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը:


Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկությանը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին: