Մեր երկրում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը, եւ անկանխիկ գործառնություններն անխափան, պարզ եւ արագ կատարելու համար պետությունն իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային եւ կրթական գործողություններ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի փոփոխություններով առաջարկում են ընդլայնել խաղային բիզնեսի ոլորտում անկանխիկ վճարումների շրջանակը` տվյալ ոլորտի գործունեության ֆինանսական թափանցիկության բարձրացման եւ արդյունավետ վերահսկողության ապահովման նպատակով:
Օրենքն ուժի մեջ մտնելով` կարգելվի տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո նախատեսվում է դա իրականացնել բացառապես բանկային հաշիվների միջոցով: Նման պահանջ է սահմանվում նաեւ շահումների տրամադրման վերաբերյալ:
Հիմնական զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:
Գործադիրի առաջարկով օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ առաջարկվող փոփոխությունները բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եւ Կառավարության ծրագրերից:
«Մեզ համար առաջնահերթ է մեր հանրության շահը, որի պաշտպանությանն է ուղղված օրենսդրական փաթեթը»,- ասել է հանձնաժողովի նախագահը եւ հավելել, որ Հայաստանում խաղալը պետք է դառնա դժվար, ոչ գրավիչ:
Նա տեղեկացրել է, որ իրականացնում են ոլորտի վերաբերյալ նաեւ միջազգային փորձի ուսումնասիրություններ` հնարավոր այլ լուծումներ գտնելու ուղղությամբ: «Պայքարը խաղամոլության դեմ շարունակական է լինելու»,- շեշտադրել է Գեւորգ Պապոյանը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ Կառավարությունը դրական դիրքորոշում է ներկայացրել նախագծերի փաթեթի վերաբերյալ: Գործադիրը բովանդակային փոփոխություն չի առաջարկել:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովականները քննարկել եւ դրական եզրակացություն են տվել նաեւ Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ որոշման նախագծին:
Քննարկման առարկան ՀՀ հաշվեքննիչ պալատի` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունն է:
Նախագծերի փաթեթն ու հանձնաժողովի որոշման նախագիծը քննարկվել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 6-ի արտահերթ նիստում: