24.11.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանին
prev Նախորդ նորություն

Արցախի պաշտպանության խնդիրը չպետք է լուծվի Երևանի կենտրոնում. Անդրանիկ Քոչարյան

Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիների, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք են: Այս մասին բարձրաձայնել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մայիսի 5-ին կայացած աշխատանքային քննարկման ընթացքում:


Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Աֆթանդիլյանը, ոլորտի փորձագետներ:


Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել իրավապահ մարմիններին հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները եւ փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը:


Հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ Արցախի պաշտպանության խնդիրը չպետք է լուծվի Երեւանի կենտրոնում: «Մեր զինված ուժերն ունեն մոբիլիզացման ռեսուրսի կարգավորման խնդիր»,- նշել է պատգամավորը` հավելելով, որ տարիներ շարունակ հարցը բարձիթողի վիճակում է եղել, եւ համակարգում առկա բացթողումներն ակնառու են դարձել 44-օրյա պատերազմի ընթացքում: Անդրանիկ Քոչարյանի խոսքով` անհրաժեշտ է խնդիրը կարգավորել` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին փողոց դուրս եկած երիտասարդությունը ցանկանում է մասնակցություն ունենալ Արցախի հարցի լուծման գործում:


Պատգամավորը կարեւորել է եռամսյա հավաքների կազմակերպումը եւ երիտասարդների մասնակցությունը դրանց:


44-օրյա պատերազմից հետո զինվորական կոմիսարիատներն առաջին անգամ սկսել են եռամսյա վարժական հավաքներ, որոնցից երկուսն արդեն անցկացվել են, իսկ երրորդն ընթացքի մեջ է: Այս մասին ասել է ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Աֆթանդիլյանը: Նա նշել է, որ այդ հավաքներից խուսափող անձանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են քննչական մարմիններ: Հաշվի առնելով սպառազինության, ռազմական տեխնիկայի ու կապի միջոցների արդիականացումը` պահեստազորում հաշվառված բոլոր անձինք, ըստ զեկուցողի, պարտավոր են մասնակցել վարժական հավաքներին:


Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը կարեւորել է քննարկումը: Նա նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի սահմաններին եւ Արցախում ստեղծված իրավիճակը` կարեւոր է պատրաստված եւ հայրենասիրական գաղափարներով երիտասարդների ներգրավվումը սահմանների պաշտպանության գործում:


Ոստիկանապետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ` բերման ենթարկված անձանց տվյալները նույնականացվել են, եւ այդ տեղեկատվությունը կփոխանցվի Պաշտպանության նախարարությանը` պարզելու` արդյոք նրանք զորակոչային տարիքի են, թե՞` ոչ:


Պատգամավորները ողջունել են քննարկումը, նշել, որ այն հանրային պահանջի արդյունք է: Նրանք կարեւորել են խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթի ամբողջ ծավալով իրականացումը: Կարեւորվել է իրավապահ մարմինների աշխատանքը` ստուգելու անձանց ժամկետային զորակոչից ազատելու հիմքերի իրավաչափությունը:


Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ քննարկման վերաբերյալ տեղեկացրել է ընդդիմադիր գործընկերներին, որոնք, սակայն չեն եկել քննարկման:


Առաջիկայում հանձնաժողովը հարցի վերաբերյալ կկազմակերպի փակ քննարկում: