Ղարիբաշվիլին և Գրիգորյանը քննարկել են հարցերի լայն շրջանակ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այդ մասին հայտնում են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները և հետագա համագործակցության ուղղությունները։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին Վրաստան կատարած այցի համար և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։
«Ասվել է, որ երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային երկխոսության մեջ՝ խթանելու տնտեսությունը, առևտուրը, մշակույթը և այլ ոլորտներ։
Զրույցի հիմնական թեման էր վարչապետի «Խաղաղ հարեւանություն» նախաձեռնությունը՝ որպես երկխոսության կարեւոր հարթակ։ Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները։
Վարչապետը նշել է, որ Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային և աջակցում է նրան քաղաքական, ինչպես նաև բոլոր միջազգային ձևաչափերում։ Ուշադրության կենտրոնում է այն մարդասիրական օգնությունը, որը երկիրը տրամադրում է ուկրաինացի ժողովրդին»,- հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից։
Նրանց խոսքով, հանդիպման ժամանակ ասվել է, որ այս տարին առանձնահատուկ է Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների համար, քանի որ լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։