ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների դեմ տնտեսական միջոցառումների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել որոշակի օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների դեմ պատասխան տնտեսական միջոցների մասին։
Փաստաթուղթը հրապարակվել է այսօր՝ մայիսի 3-ին, իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Պետական իշխանության դաշնային մարմիններին, Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության մարմիններին, այլ պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության իրավասության ներքո, իրենց գործունեությունում ելնել այն հանգամանքից, որ սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից առանձին իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց և նրանց վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ»,- ասված է հրամանագրում։
Փաստաթուղթն արգելում է պատասխան պատժամիջոցների ենթարկվող օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարել, ինչպես նաև հօգուտ այդ անձանց երկրից հումք և արտադրանք արտահանելը։
Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել է տասնօրյա ժամկետում կազմել համապատասխան անձանց ցուցակը և սահմանել արգելքի տակ գտնվող գործարքների որոշման չափանիշներ։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կգործի մինչև հատուկ տնտեսական միջոցառումների չեղարկումը։