ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այժմ փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը և հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ այդ կազմակերպության շրջանակներում։ Նա նաև քննադատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը։
«Մենք արձանագրեցինք Բրյուսելի անամոթ փորձերը՝ ամենաբարձր մակարդակով յուրացնելու ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների թեման և այն օրակարգը, որն առաջարկվել էր անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է Զախարովան։
Նա նշեց, որ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը Ռուսաստանը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմք։
VERELQ-ի հարցին՝ հնարավո՞ր է հիմա խոսել բանակցային երկու տարբեր ձևաչափերի մասին՝ մեկը Ռուսաստանի մասնակցությամբ, մյուսը՝ Արևմուտքի, Զախարովան պատասխանեց. «Կան տարբեր ձևաչափեր։ Մենք տեսնում ենք, որ մեկ ձևաչափը բերում է կոնկրետ արդյունք, և մեր ուշադրության կենտրոնացնում ենք այն ձևաչափի վրա, որը տալիս է կառուցողական արդյունք, ձեռք են տալիս և՛ Բաքվին, և՛ Երևանին։ Եվ, համապատասխանաբար, եթե նա ձեռք է տալիս Բաքվին ու Երեւանին, մեզ էլ է ձեռք տալիս։
Երկրորդ ձևաչափ գոյություն ունի: Այն ունի իր պատմությունը։ Մենք էլ ենք այնտեղ, բայց միաժամանակ դա ոչ մի կոնկրետություն, արդյունավետություն չի բերում այս փուլում։ Հետևաբար, այն կա, և մենք այնտեղ ենք, բայց միևնույն ժամանակ, ևս մեկ անգամ կրկնում եմ, այսօր երևի երրորդ անգամ, մենք կենտրոնանում ենք այն հարցերի վրա, որոնք իսկապես արդյունավետ են։
Մենք բանակցային տարբեր հարթակների կողմնակից ենք և այլն, բայց եթե կա իսկապես կոնկրետ արդյունք, որը տեսնում են բոլորը, ինչո՞ւ չկենտրոնանալ դրա վրա»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։