Զախարովան մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ Ալիևի հերթական սպառնալիքները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքները Հայաստանի հասցեին։
Իլհամ Ալիևն ապրիլի 22-ին ասել է, որ եթե Երևանը խաղաղության պայմանագիր չստորագրի Բաքվի պայմաններով, Ադրբեջանը կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում շատ կարևոր է, չափազանց կարևոր, հավանաբար, սա առանցքային գործոն է՝ հավատարիմ մնալ եռակողմ պայմանավորվածությունների տառին և ոգուն։ Այնտեղ ամեն ինչ գրված է, ներառյալ, այսպես ասած, հարաբերությունները միմյանց հետ:
Եվ նաև կարևոր է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից և բոլոր հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Սա մեր ավանդական մոտեցումն ու թեզն է: Մենք գործում ենք այս հունով, և բոլորին կոչ ենք անում դա անել»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով VERELQ-ի հարցին: