Կառավարության ապրիլի 28-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման գործնական աշխատանքների հաջորդ քայլի մասին։ Ըստ նրա՝ որոշումը կայացված է, որ Աջափնյակ կայարանը պետք է կառուցվի։
«Հայտարարվել էր կայարանի նախագծման մրցույթ, և մրցույթի արդյունքներով կա հաղթող։ Այսօր մենք քննարկում ենք արդեն ֆինանսավորելու հարցը, որպեսզի նախագծողն արդեն մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը պատրաստի, ինչը նշանակում է, որ մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ», - ասաց վարչապետը` նկատելով, որ կառավարությունը պետք է ֆինանսավորի այդ նախագիծը:
Նա նաև նկատեց, որ վերջերս քրեական մի գործի շրջանակներում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 մլն դրամ վնասի փոխհատուցում է տեղի ունեցել։ «Եվ քննարկումների արդյունքում որոշվեց, որ այդ գումարն առաջին փուլով, 750 մլն դրամը դրանից ուղղվի այդ նպատակին։ Եվ քրեական գործը վերաբերում էր Փարկինգ սիթի սերվիս ընկերության գործունեության հետ կապված մի դրվագի»,- ասաց Փաշինյանը։
«Այսինքն՝ մենք հիմա մոտ 1 մլրդ դրամ ծախսում ենք նախագծման աշխատանքների վրա, թե ինչ կարժենա ընդհանուր շինարարությունը, արդեն նախագծման արդյունքներով կերևա»,- հավելեց նա։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ շուրջ 50 մլն դոլար կարող է արժենալ շինարարությունը՝ հաշվի առնելով տարբեր նախադեպեր։
«Այս ծրագիրը ռազմավարական ծրագիր է, որովհետև սա նշանակում է, որ մետրոն անցում է կատարում Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում, է, որ արդեն հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, դեպի Մալաթիա-Սբաստիա, դեպի 15-րդ թաղամաս»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ, “Սպուտնիկ Արմենիային” տված հարցազրույցում հրաչյա Սարգսյանը ճոխություն է անվանել մետրոյի “Աջափնյակի” կայարանի շինրարությունը:
«Կարծում եմ, որ այս պահին Աջափնյակ կայարանը մեզ համար ճոխություն է, և այն ֆինանսական միջոցները, որոնք հնարավոր լինի հայթայթել, ավելի նպատակահարմար կգտնեի ներդնել գործող համակարգի արդիականացման մեջ։ Գործող շարժակազմում խնդիրներ ունենք, և ճիշտ չեմ համարում այդ գումարներով ևս մեկ կայարան կառուցելը»,– ասել է Հրաչյա Սարգսյանը։