26.11.2024
ԱԽ քարտուղարը Լիտվայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները
prev Նախորդ նորություն

Մասիսի ԲԿ-ում չարաշահումների գործով նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վեց անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել:


Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահումների մեխանիզմը, վերջինիս մասնակից դարձած անձանց ամբողջական շրջանակը, ինչպես նաև՝ պետությանը, բժշկական կենտրոնին պատճառված գույքային վնասի չափը:


Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, միասնական հանցավոր դիտավորությամբ, բժշկական կենտրոնի աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք, չարաշահել է պաշտոնական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման և յուրացման եղանակներով, բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ՝ իր հանցավոր գործողություններում ներգրավելով նաև քաղաքացիների:


Այսպես.
Բժշկական կենտրոնի նախկին տնօրենը, տեղյակ լինելով, որ իր ընկերուհին այլ բժշկական կենտրոնում մեկ ամբողջական դրույքով աշխատում է որպես հաշվապահ, սակայն նպատակ ունենալով կոլեկտիվում ընդգրկել իրեն վստահելի ու ցանկալի անձնավորության, որոշել է նրան կես դրույքով որպես հաշվապահ ընդունել նաև իր ղեկավարած բժշկական կենտրոնում և շահագրգռելու նպատակով նրան առաջարկել է աշխատել ազատ գրաֆիկով, աշխատանքի ներկայանալ ըստ ցանկության՝ խոստանալով ավելի բարձր՝ 99.800 ՀՀ դրամ մաքուր աշխատավարձ, սահմանված 60.600 ՀՀ դրամ աշխատավարձի փոխարեն: Ստանալով ընկերուհու համաձայնությունը՝ տնօրենն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նրան ընդունել է աշխատանքի, և քննության տվյալներով, նա ստացել է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող՝ ընդհանուր 588.000 ՀՀ դրամ ավել աշխատավարձ, ինչն էական վնաս է պատճառել պետությանը։


Բացի այդ, իր ղեկավարած կառույցում ավտոմատ սրճեփ սարքեր շահագործող երկու անհատ ձեռնարկատերերից, առանց վերջիններիս հետ համապատասխան պայմանագրեր կնքելու, նախկին տնօրենը պահանջել և առձեռն ստացել է տարբեր չափերի գումարներ և ընկերության բյուջե մուտքագրելու փոխարեն, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, սեփական կարիքների համար տնօրինել է ձեռնարկատերերի կողմից իրեն վճարված ընդհանուր 525.000 ՀՀ դրամ գումարը։


Ավելին, առողջապահական հաստատության նախկին տնօրենը «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վարորդի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից հափշտակել է խոշոր չափերով գումար: Մասնավորապես, քննության տվյալներով, վարորդը, նախկին տնօրենի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուտքագրել է բժշկական կենտրոն տեղափոխված 917 դիակներից ընդամենը 377-ի մասով սահմանված կարգով գանձված գումարները, իսկ մնացած դիակների տեղափոխման համար ստացված և դրամարկղ չմուտքագրված 1.350.000 ՀՀ դրամ գումարը յուրացվել են նախկին տնօրենի և վարորդի կողմից:


Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նախկին տնօրենը, բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, ԱՄՆ-ից ժամանած բժիշկների ընդունելության, «Լավագույն հայուհի» միջոցառման մասնակցության, ինչպես նաև հիվանդանոցի համար ակնհայտ անշահավետ՝ անհամեմատ բարձր գնով տարբեր ոչ բժշկական պարագաներ ձեռք բերելու նպատակով, համապատասխան կազմակերպություններին փոխանցել է տարբեր չափերի գումարներ՝ այդ կերպ վատնման եղանակով կատարելով խոշոր չափերով՝ 1․831․600 ՀՀ դրամ գումարի հափշտակություն։


Այնուհետև գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, գանձապահի, կադրերի տեսուչի, տնտեսվարի, թվով երեք քաղաքացիների օժանդակությամբ, նախնական պայմանավորվածությամբ, նախկին տնօրենն աշխատանքի է ընդունել նշված երեք քաղաքացիներին՝ կազմելով և ստորագրելով նրանց աշխատանքի ընդունելու վերաբերյալ կեղծ հրամաններ և ձևական աշխատանքային պայմանագրեր: Սակայն նշված անձինք երբևէ աշխատանքի չեն հաճախել, պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունները չեն կատարել, իսկ նախկին տնօրենը ստորագրել և բժշկական կենտրոնի կնիքով կնքել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձերի վճարացուցակներն ու գումարի ելքի տեղեկագրերը, որոնց հիման վրա գլխավոր հաշվապահը, նույնպես տեղեկացված լինելով նշված աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու մասին, հաշվարկել և փոխանցել է ընդհանուր 973․108 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ, որը նախկին տնօրենի կողմից, յուրացման եղանակով, հափշտակվել է:


Այս ամենով հանդերձ նախկին տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, գլխավոր հաշվապահին ապօրինի հանձնարարել է տնտեսվարին տրամադրել քաղաքացիաիրավական պայմանագրի ձևաթղթեր՝ բժշկական կենտրոնի տարածքում որոշակի աշխատանքներ կատարելու համար կեղծ պայմանագրեր կնքելու և այդ եղանակով յուրացում կատարելու համար: Տնտեսվարը, տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահից վերցնելով նշված ձևաթղթերը, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, կազմել է կեղծ պայմանագրեր՝ դրանցում ներառելով այդ անձանց կողմից հիվանդանոցի տարածքում տարբեր տեսակի շինարարական, բանվորական և գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ: Կազմված կեղծ պայմանագրերը տնտեսվարը ներկայացրել է նախկին տնօրենին, ով իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է դրանք։ Մինչդեռ իրականում, նշված անձինք բժշկական կենտրոնի տարածք չեն այցելել, որևէ փաստաթուղթ չեն ստորագրել և որևէ տեսակի աշխատանք չեն կատարել, սակայն իր ստորագրությամբ ու կնիքով նախկին տնօրենը հաստատել է նրանց կողմից իբրև թե կատարված աշխատանքների դիմաց որպես վարձատրություն տարբեր չափերի գումարներ վճարելու մասին վճարացուցակները և բժշկական կենտրոնի գանձապահից անձամբ ստանացած ընդհանուրը 2․173․035 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է` որոշ դեպքերում վճարացուցակներում անձամբ ստորագրելով քաղաքացիների փոխարեն:


Շարունակելով իր հանցավոր մտադրությունը, նախկին տնօրենը հրաման է ստորագրել՝ հիվանդանոցի վաչական անձնակազմին տրվող տարեվերջյան դրամական պարգևատրման մասին, սակայն գանձապահից անձամբ, առձեռն ստանալով նշված անձանց անվամբ դուրս գրված ընդհանուր 200․000 ՀՀ դրամ պարգևավճարի գումարը, հրաժարվել է տրամադրել աշխատակիցներին՝ յուրացման եղանակով հափշտակելով այն:


Քննությամբ պարզվել է նաև, որ նշված ժամանակահատվածում նախկին տնօրենը, տնտեսվարի և գլխավոր հաշվապահի օժանդակությամբ, հիվանդանոցի հաշվեկշռում գտնվող շտապօգնության ավտոմեքենայի, օդորակիչների և լաբորատորիայի էլեկտրական մալուխների նորոգման վերաբերյալ, կազմել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող պայմանագրեր, որոնց հիման վրա բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.316.259 ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակվել:


Ի թիվս նշված հանգամանքների, բուժհաստատության նախկին տնօրենը նաև կարգադրել է տնտեսվարին, որ վերջինս իրականացնի բժշկական կենտրոնի վառելիքի բաշխման աշխատանքները: Տնտեսվարը, հանդիսանալով նյութական պատասխանատու, իրեն վստահված գույքը յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, 2017թ. մայիսից մինչև 2018թ. մայիս ընկած ժամանակահատվածում, կեղծելով իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ բենզինի դուրսգրման վերաբերյալ երթուղային թերթերը, անձամբ ստորագրելով դրանք, թե իբր ընդհանուր զգալի չափերի՝ 449.225 ՀՀ դրամ արժողությամբ 1057 լիտր բենզինը ստացել է դատաբժիշկը, դուրս է գրել նշված քանակությամբ վառելիքը և յուրացման եղանակով հափշտակել:


Նախկին տնօրենը, գիտակցելով, որ իր ղեկավարած ընկերությունը, գտնվում է ֆինանսական ծանր պայմաններում, ունի չկատարված՝ մեծածավալ ֆինանսական պարտավորություններ, որոշել է ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել: Առանց մրցույթ հայտարարելու, իր հետ փոխկապակցված աուդիտորական ընկերության ղեկավարի հետ համաձայնություն ձեռք բերելով, բարձր արժեքով՝ 4.320.000 ՀՀ դրամով, կնքել է պայմանագիր՝ ֆինասնական հաշվետվությունների աուդիտի իրականացման վերաբերյալ, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնում նույն ծառայության իրականացման միջին շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կարող էր կազմել ընդամենը 1.725.000 ՀՀ դրամ: Նախկին տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահը, որպես վերը նշված պայմանագրով սահմանված գումարի մասնակի վճարում, հիշյալ ընկերության հաշվեհամարին է փոխանցել 2.000.000 ՀՀ դրամ գումար՝ մնացած 2.320.000 ՀՀ դրամը, ըստ պայմանագրի, պետք է վճարվեր աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով տնօրենը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մասիսի բժշկական կենտրոն»-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 5 անձի ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, ևս 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով:


Քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 13.380.084 ՀՀ դրամ, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:


Նախաքննությունն ավարտվել, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: