26.11.2024
«Հայաստան» խմբակցությունը մերժել է վարչապետի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկը
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութենի գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար:


Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ արձանագրելով, որ դրանք մի շարք ոլորտներում ամուր հարաբերությունների հաստատման տասնամյակներ էին:


ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վերջին երկու տարվա ընթացքում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամների աշխատանքը, ինչպես նաեւ կարեւորել է Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային, մարդասիրական մարտահրավերները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ այդ մասին պարբերաբար բարձրաձայնելու պատրաստակամությունը:


Դիմելով բրիտանացի հյուրերին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հետպատերազմյան ժամանակաշրջանում Թիմ Լոութենի եւ բարոնուհի Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը եւ մշտապես դեմքով դեպի Հայաստանն ու Արցախը լինելու փաստը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի կայունության եւ անվտանգային հարցերի շուրջ:


Հանդիպմանը գործընկերները փաստել են վերջին տարիներին հայ-բրիտանական քաղաքական շփումների զգալի ակտիվացումը եւ երկկողմ օրակարգի ընդլայնումը:


Այս իմաստով կարեւորվել է Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը: