Արդշինբանկը ձեռք է բերել ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասը
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հետ` վերջինիս սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի փոխանցման վերաբերյալ: Մարտի 28-ից Արդշինբանկը կսպասարկի ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ վարկառու հաճախորդների մի մասին: Արդեն աշխատանքներ են տարվում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասն Արդշինբանկին փոխանցելու ուղղությամբ: Նոր հաճախորդներին ուղարկվում են համապատասխան անհատական հաղորդագրություններ, որոնցով ներկայացվում են իրենց վարկի նոր վարկային կոդը ու այսուհետ վարկի մարումներն Արդշինբանկում իրականացնելու մանրամասները:
Կարևոր է նշել, որ Արդշինբանկը ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ վարկառու հաճախորդների սպասարկումն իրականացնելու է նույն պայմաններով, ինչ նախկինում. պայմանագրերի գործող պայմանները, այդ թվում՝ տոկոսադրույքի չափը, վարկի ժամկետը և վարկի հիմնական այլ պայմաններ մնում են անփոփոխ՝ պահպանելով իրենց իրավական ուժը:
Ձեռք բերված համաձայնության արդյունքում կապահովվի ավելի քան 56.000 հաճախորդների բանկային սպասարկումը՝ տեղական և միջազգային կանոնների բոլոր պահանջներին համապատասխան: Արդշինբանկի առաջիկա գործողությունները նպատակաուղղված են լինելու հաճախորդների պահանջմունքների բավարարմանը և սպասարկման բոլոր միջոցներով լիարժեք և անխափան սպասարկում ապահովելուն իր հաճախորդների համար հուսալի գործընկեր լինելու հանձնառության շրջանակներում:
Տվյալ գործարքը համահունչ է Արդշինբանկի ռազմավարությանը և ուղղված է բանկի մանրածախ բիզնեսի զարգացմանը։
Արդշինբանկը ամբողջական համապատասխանություն է պահպանում միջազգային որոշումներով, ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կենտրոնական բանկի, Բանկի միջազգային գործընկերների կողմից սահմանված AML, KYC ստանդարտներին, ինչպես նաև համապատասխանում է Բանկի ներքին քաղաքականությանը և չափանիշներին: