25.11.2024
Տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նիստ
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Պուտինը ջանքեր են գործադրելու ԼՂ-ում ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին տեղեկացնում են կառավարության աշխատակազմից։


Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։


Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։


Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 24-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Փարուխ գյուղը։


Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորցրել է առնվազն 5 զինծառայող։


Այնուհետև Արցախի ՊԲ-ն հայտնեց միջադեպի հետևանքով երեք հայ զինծառայողի զոհվելու մասին: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան էլ տեղեկացրել էր, որ Ասկերանում կա 14 վիրավոր, գրեթե բոլորը վիրավորվել են ԱԹՍ-ի հարվածներից։