25.11.2024
Էդմոնդ Ղազարյանը ազատվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:


Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը:


«Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին, որ չեն հարգում թե՛ 2020թ.-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները:


Այնուամենայնիվ, ցանկանում եմ հորդորել մեր ազգաբնակչությանը պահպանել հանգստություն, քանի որ, չնայած ծագած դժվարություններին ու հարուցված խոչընդոտներին, մենք Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում ենք սերտ աշխատանքը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- ասել է նախագահը։


Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի անդամների և իշխանությունների անունից խորին վշտակցություն և զորակցություն հայտնեց մարտի 25-ին հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթեց:


Նիստին շփման գծում իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:


Քննարկվել են առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված մի շարք հարցեր: