Արցախում Bayraktar-ների կիրառման հետևանքով 3 պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊԲ
Արցախում Ադրբեջանի զինված ուժերի` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով պաշտպանության բանակի երեք զինծառայող է զոհվել:
«Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.)», - ասված է Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ասկերանում կա 14 վիրավոր, գրեթե բոլորը վիրավորվել են ԱԹՍ-ի հարվածներից։
VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 24-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Փարուխ գյուղը։
Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորցրել է առնվազն 5 զինծառայող։