Ֆրանսիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում նրանց վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության շրջանակներում համաձայնեցված դիրքերը։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ուրբաթ երեկոյան հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Ֆրանսիան ափսոսում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպերի, մասնավորապես Փարուխի և Խրամորթի շրջաններում տեղի ունեցած զինված միջադեպերի և զորքերի տեղաշարժի համար: Կոչ է անում ուժերին, որոնք, ինչպես ասվում է, առաջ են շարժվել, նահանջել իրենց նախկին դիրքերը՝ համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարության»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին գազի մատակարարման ընդհատումների կապակցությամբ և պահանջել «վերականգնել մշտական այն՝ բնակչության մատակարարումն ապահովելու համար»։ Նշվում է, որ այս հարցը բարձրացվել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ զրույցների ժամանակ։
VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով շփման գծին մոտ գտնվող Ասկերանի շրջանի Փարուխ գյուղը։
Մարտի 25-ի գիշերն ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորցրել է առնվազն 5 զինծառայող։
Ստեփանակերտի տեղեկություններով՝ հակառակորդի կողմից Բայրաքթարի կիրառման արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 3 պայմանագրային զինծառայող է զոհվել։ Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ ՊԲ 14 զինծառայող ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հայաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ ռուսական խաղաղապահ ուժերը միջոցներ կձեռնարկեն՝ ապահովելու ադրբեջանական զինուժի ներխուժող ստորաբաժանումների անհապաղ դուրսբերումն իրենց պատասխանատվության գոտուց, ինչը պետք է նշանակի ադրբեջանական զորքերի վերադարձը իրենց սկզբնական դիրքերը։