ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփման համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2022 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9 տոկոսով:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.
Շինարարության ոլորտ` 6.3 տոկոս
Արդյունաբերության ոլորտ` 3.7 տոկոս
Ծառայությունների ոլորտ՝ 19 տոկոս
Առևտրի շրջանառության ոլորտ՝ 5.3 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 44.9 տոկոս, այդ թվում՝
Արտահանում՝ 29.1 տոկոս
Ներմուծում` 54.7 տոկոս:
Փորձագետի մեկնաբանությունը
ACSES վերլուծական կենտրոն ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը նշում է, որ հունվար-փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 112%, ինչը նշանակում է, որ նախաճգնաժամային ժամանակահատվածի համեմատ (2020թ-ի հունվար-փետրվար) ՏԱՑ-ն աճել է 3.8%-ով, իսկ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 14.5%-ով։
«Հայտնի պատճառներով (խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է), ամենայն հավանականությամբ, այս տարի հնարավոր չի լինի ապահովել կառավարության թիրախավորած 7% տնտեսական աճը, ոչ էլ ԿԲ-ի նախնական կանխատեսած 5.3%-ը, բայց չեմ էլ կարծում, որ տնտեսական աճի տեմպն այնքան կթուլանա, որ կհասնի 1.6%-ի (ԿԲ-ի վերջին կանխատեսումը)։
Մենք՝ ACSES վերլուծական կենտրոնում, դեռևս կանխատեսում չենք արել, բայց համոզմունք ունեմ, որ այս տարի տնտեսական աճը լինելու է առնվազն 2.3%, ինչը թույլ կտա հասնել մինչճգնաժամային 2019թ-ի մակարդակին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆանյանը։