26.11.2024
Զինծառայող Սիրոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ձերբակալվել է երկու ծառայակից. ՔԿ
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունն առաջարկում է բարձրացնել վարչապետի և ԱԳ նախարարի հաշվետվողականությունը

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը փոփոխություններ է մշակել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որոնք նախատեսում են օրենսդիր մարմնի առաջ վարչապետի և ԱԳ նախարարի հաշվետվողականության բարձրացում։


Այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանական լսումներին ներկայացնելով փոփոխությունները՝ օրինագծի հեղինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց. «Մենք մշակել ենք այս օրինագիծը, որպեսզի այլեւս ոչ ոք եւ երբեք չկարողանա խորհրդարանի ամբիոնից հայտարարել. «ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»: Հայաստանի խորհրդարանն այլևս երբեք չհայտնվի լուսանցքում՝ բանակցություններում կարևոր որոշումներ կայացնելու ընթացքում»։


Նրա խոսքով, փոփոխությունները նախատեսում են, որ ԱԳՆ ղեկավարը և վարչապետը, համապատասխանաբար, երեք ամիսը և վեց ամիսը մեկ անգամ գրավոր հաշվետվություն ներկայացնեն բանակցային հիմնական գործընթացների և առկա իրավիճակի վերաբերյալ կատարված աշխատանքի մասին։ Հաշվետվությունները ԱԺ են ներկայացվելու «փակ ռեժիմով», այսինքն՝ չեն հրապարակվելու։


Պատգամավորների ընդհանուր թվի 25 տոկոսի նախաձեռնությամբ արտգործնախարարը կամ վարչապետը կհրավիրվեն Ազգային ժողովի փակ նիստի, որտեղ կներկայացնեն իրավիճակը և կպատասխանեն պատգամավորների հարցերին։ Ընդ որում, սա կարող է կազմակերպվել ինչպես գլխադասային հանձնաժողովի շրջանակներում, այնպես էլ լիագումար նիստում, երկու դեպքում էլ հանդիպումները կանցկացվեն դռնփակ։