Սուրեն Պապիկյանն այցելել է Սյունիքի մարզ, եղել է նաև Ներքին Հանդում
Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Այդ մասին հայտնում է ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:
Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը:
Պաշտպանության նախարարն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին: Համաձայն համայնքի ղեկավարի հայտարարության` ադրբեջանցիները խորացել են գյուղի վարչական տարածք մոտ 800-900 մետր: Պաշտպանության նախարարությունն հանդես է եկել պարզաբանմամբ` նշելով, որ ՀՀ տարածք ներխուժում տեղի չունեցել, այլ ադրբեջանցի զինվորականները վերևադարձել են այն դիրքերը, որոնք թողել էին ձմռան պատճառով: