Ժողովրդական հետաքննություն. Ո՞վ է Մայդանի սցենարով փորձում խարխլել իրավիճակը Հայաստանում
Որքանո՞վ է զգացնել տվեց իրեն արտաքին հետքը Երևանում ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակում, հայաստանյան ո՞ր հասարակական կազմակերպություններն ու ուժերն են տարիներ շարունակ ֆինանսավորվում դրսից և ի՞նչ նպատակ էին նրանք հետապնդում ՝ ակտիվ մասնակցություն ունենալով երևանյան վերջին իրադարձություններում: Այս հարցերի պատասխանները երկու շաբաթից խոստանում է հրապարակել «Միջազգային հումանիտար զարգացում» ՀԿ-ն, որն այսօր մեկնարկեց ժողովրդական հետաքննություն, որի նպատակն է պարզել, թե որո՞նք են այն ՀԿ-ներն ու քաղաքական ուժերը, որոնք փորձեցին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում Մայդանի սցենար իրագործել:
Լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը հայտարարեց, որ հեղինակները որևէ կասկած չունեն «Սասնա ծռեր» խմբավորման պայքարի անկեղծության վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ մի շարք ընդդիմադիր ուժեր փորձեցին այդ պայքարը օգտագործել այլ նպատակներով՝ ապակայունացնելու ներքաղաքական իրավիճակը: Նրա խոսքով, սոցիալական ցանցերի վերջին ամսվա մոնիթորինգը, ինչպես նաև իրավիճկի զարգացումը ցույց են տվել, որ Հայաստանում էլ կիրառվեցին տեխնոլոգիաներ, որոնք ժամանակին կիրառվել են Ուկրաինայում՝ Մայդանի ժամանակ, Լիբիայում, Եգիպտոսում, Թունիսում, Վրաստանում և այլն:
««Սասնա ծռերի» անկեղծությունը մեր կողմից հարցականի տակ ընդհանրապես չի առնվում, քանի որ երկրում առկա է խորը սոցիալական դժգոհություն և անվստահություն իշխանությունների նկատմամբ: Բայց ակնհայտ է, որ որոշ ՀԿ-ներ ու անհատներ փորձեցին տանել պայքարն այլ ուղղությամբ՝ սեփական քաղաքական նպատակներն իրագործելու համար, ինչի համար օգտագործվեց արտաքին ֆինանսավորումը: Առաջիկա երկու շաբաթների ընթացքում մենք կուսումնասիրենք բոլոր այն ՀԿ-ներն ու քաղաքացիական շարժումները, որոնք, մեր կարծիքով, ֆինանսավորվում են դրսից և կոնկրետ անուններ կներկայացնենք»,- հայտարարեց նա:
Բանախոսը նշեց, որ որևէ մեկի համար նորություն չէ, որ հայաստանյան հասարակական դաշտը արտաքին ֆինանսավորում ունի՝ դրա մասին վկայող փաստերը հասանելի են բոլորին: Նա բերեց նաև օրինակներ. այդպես, «Եվրասիա» հիմնադրամը մի քանի տարիների ընթացքում 15 մլն դոլարի ֆինանսավորում է կատարել Հայաստանի հասարակական դաշտում: Իսկ «Սորոս» հիմնադրամի կատարած ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 24 մլն դոլար: Բացի այս, «Ազգային դեմոկրատիայի» հիմնադրամը երկու տարվա ընթացքում հայաստանյան 3-4 լրատվամիջոցներ է ֆինանսավորել է՝ 330 հազար դոլարի չափով, բայց այդ բոլոր անունները կհրապարակվեն միայն հետաքննության արդյունքները ամփոփելու ժամանակ:
Հարկ է հիշեցնել, որ վերը թվարկված կազմակերպությունները հանդիսացել են հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների նախապատրաստման և իրագործման հիմնական ֆինանսավորողները, իսկ ֆինանսավորումը ստացվել է ամերիկյան Support for East European Democracy (SEED) հիմնադրամի, ինչպես նաև «Freedom House»-ի միջոցով, որը հանդիսանում է «Սորոս» և «Եվրասիա» հիմնադրամների այսպես կոչված «դուստր կառույցը»:
«Այս ամենի բացահայտումը ցույց է տալիս, որ ուղղակի քաղաքացիական հասարակության զարգացման և այլընտրանքային ԶԼՄ-ների զարգացման համար այսպիսի գումարներ չեն ներդրվում, և այդ ամենի տակ թաքնված է մեկ այլ նպատակ՝ նույնը, ինչ եղել է Ուկրաինայում, Լիբիայում, Վրաստանում և այլն»,- ասաց Ղուկասյանը:
Պատճառներից մեկն էլ, թե ինչու կազմակերպությունը որոշում կայացրեց նման հետաքննություն անցկացնել հանդիսանում է արտաքին աշխարհի հետաքրքրությունը Երևանում ծավալվող իրադարձություններին: Մասնավորապես, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արձագանքը, որը սկզբում խիստ դատապարտեց ՀՀ Ոստիկանության գործողությունները, իսկ այնուհետ հայտարարեց «սև ցուցակ» կազմելու մասին, որում կներառվեն բոլոր այն անձինք, որոնց մասնակցություն են ունեցել Երևանում ցույցերի ցրման գործընթացին: Ըստ հեղինակների՝ սա ոչ այլ ինչ է, քան երկրի ներքին գործերին միջամտություն, ինչն անընդունելի է:
Իր հերթին կազմակերպության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հիշեցրեց, որ անցած տարի իրենք մի հետազոտություն են անցկացրել, որով ուսումնասիրել են Ուկրաինայում և Վրաստանում գունավոր հեղափոխությունների փորձը և բացահայտել, որ այդ երկրներում գործող ՀԿ-ներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել հեղափոխություններին, ֆինանսավորել են նույն այն կազմակերպություններն ու հիմնադրամները, որոնք այսօր էլ ֆինանսավորում են հայաստանյան հասարակական դաշտի որոշ դերակատարներին: Իսկ այս փաստը, նկատեց նա, հատուկ ուշադրության է արժանի:
«Այդ հետազոտության արդյունքում մենք առանձնացրեցինք 10 ՀԿ-ների, որոնց գործունեությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը: Մենք պնդում ենք, որ այսօր էլ Հայաստանի հասարակական դաշտի մի հատված ֆինանսավորում է ստանում արտաքին աշխարհից և պատվերներ կատարում, որոնք հարվածի տակ են առնում Հայաստանի պետականությունն ու անվտանգությունը: Մեր նպատակն է բացահայտել, թե ովքեր են նրանք և ում է ձեռնտու Հայաստանում ներքաղաքական իրավիճակ ապակայունացումը»,- հավելեց նա: