Մասշտաբային գործողությունների հավանականությունն Արցախի ուղղությամբ բարձր չէ. Աբրահամյան
ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադառնում է այն հանգամանքին, որ շփման գծի ադրբեջանական կողմում տեղի ունեցող շարժերի վերաբերյալ միմյանց հակասող տեղեկություններ են շրջանառվում.
"Որքան ինձ է հայտնի, կան որոշ ուղղություններով փոքր, սակայն խիստ սահմանափակ տեղաշարժեր ու դա ինձ հիմք չի տալիս եզրահանգումներ անել, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստություն կամ վերախմբավորումներ է անում։
Այս պահին ես մասշտաբային գործողությունների հավանականությունը հատկապես Արցախի ուղղությամբ բարձր չեմ համարում, ինչը բնականաբար չի նշանակում, որ լոկալ գործողություններ կամ տարբեր բնույթի սադրանքներ Արցախի կամ Հայաստանի սահմանին հավանական չեն։
Ավելին, իրադարձությունները կարող են արագանալ և կարճ ժամանակ հետո նոր սցենարներ ուրվագծել, բայց այս պահին միանշանակ գնահատականներ հնչեցնելու հիմքեր չունեմ։
Հայաստանի պետական մարմինները կարծում են, թե իրենց միակ գործառույթը փաշինյանական անձնական օրակարգի սպասարկումն է և դրանով պայմանավորված ձախողում են նաև տեղեկատվական անվտանգության ապահովման իրենց պարտականությունները։
Հուսով եմ, որ գոնե Արցախի պաշտպանության բանակը կարձագանքի դեռ երեկվանից շրջանառվող և Արցախի մեր հայրենակիցներին անհանգստացնող լուրերին",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։