Միակ ադեկվատ ելքը երկրում ռազմական դրություն հայտարարելն ու զորահավաք անցկացնելն է. կարծիք
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը դիմել է իշխանության պատասխանատուներին՝ հիշեցնելով Իսրայելի 5-րդ վարչապետ Գոլդա Մեիրի խոսքերը. «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»:
«Այս բառերը ավելի քան այժմեական են նաև մեզ՝ հայերիս համար:
Տարածաշրջանում «տևական խաղաղության» հասնելու կոչերն ամբողջությամբ սին են ու ժամանակավրեպ այն սահմռկեցուցիչ ու օրհասական վիճակի ֆոնին, որ այսօր ստեղծվել է պատերազմից բզկտված, անդամահատված-մասնատված Արցախում, ու նաև բառի բուն իմաստով՝ պատերազմականին մոտ կացության ֆոնին, որ շուրջ մեկ տարի է ստեղծվել է մեր սահմաններին։ Զինված թուրքը տևական ժամանակ է, ինչ ներխուժել է մեր ինքնիշխան երկրի տարածք, զավթել է ռազմավարական նշանակության ճանապարհները, ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, կրակում է բոլոր տեսակի հրաձգային զենքերից ու հիմա, ինչպես պարզվում է, ոչ ավելի ոչ պակաս՝ 5-կետանոց վերջնագիր է ներկայացրել՝ առաջարկելով մեզ վերջնականապես ծնկի գալ։
Այս իրավիճակում լռելն ու քայլ չանելը ամենախոհեմ պահվածքը չէ՝ իշխանության բուրգին բազմած տղանե՛ր և աղջիկնե՛ր։ Լրջացե՛ք ու քայլ արեք։ Իսկ թե ինչ պետք է անել՝ հուշում և պահանջում են Հայաստանի Հանրապետության օրենքները։ Խոսքը թե՛ Սահմանադրության և թե երկրի անվտանգային միջագայրը ձևավորող օրենքների մասին է։
Այսպես, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքը» (Հոդված 2) պարզ ու աներկբա սահմանել է ռազմական դրության հաստատման հիմքերը։ Ահավասաիկ այդ հիմքերից մի քանիսը. «ա) այլ պետության զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, նման ներխուժման հետևանքով ՀՀ ցանկացած տարածքի բռնազավթումը, բ) այլ պետության զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությունը, գ) այլ պետության զինված ուժերի կողմից ՀՀ տարածքի ռմբահարումը, դ) այլ պետության զինված ուժերի կողմից ՀՀ զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակումը՝ անկախ վերջիններիս տեղակայման վայրից»։
Ինչպես ասում են, «ոզնուն էլ հասկանալի է», որ մեր սահմաններին ստեղծված կացությունը լիովին համապատասխանում է նշված հանգամանքներին։ Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված հրոսակների գործողությունները իրական սպառնալիք են ստեղծել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը։ Թշնամին օր-օրի ուժեր է կուտակում սահմաններին ու խոսում է լկտի վերջնագրերով։ Ուստի այս ամենին ի պատասխան միակ ադեկվատ ելքը երկրում ռազմական դրություն հայտարարելը, մասնակի զորահավաք անցկացնելն ու մնացյալ գործողություններ իրականացնելն է։ Եթե այլ ելք կա, դուք ուրիշ ելքեր գիտեք, ասեք՝ իմանանք»,- գրել է Մարգարյանը Facebook-ի իր էջում։