26.11.2024
Էկոնոմիկայի նախարարությունն աջակցում է անասնաբուծությունում ներդրումներ իրականցնողներին
prev Նախորդ նորություն

Կստեղծվի աշխատանքային խումբ՝ պարենային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով

Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներ» թեմայով աշխատաժողով։


Նախարարությունից հայտնում են, որ աշխատաժողովը համակարգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանն առցանց եղանակով մասնակցել է նաև Պարենի համաշխարհային ծրագրի գլխամասային գրասենյակի պարենային անվտանգության փորձագետ Դաուդ Խանը։


Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանն ընդգծել է պարենային անվտանգության կարևորությունը և նշել․


«Այսօր առավել քան կարևորվում է պարենային անվտանգությունը՝ պայմանավորված հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակներով։ Այս համատեքստում շատ կարևոր է ունենալ ընգրկուն գործողությունների պլան, որը հնարավորություն կտա արագ արձագանքել փոփոխվող միջավայրին, կլիմայի փոփոխություններին, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումներին՝ ստեղծված իրավիճակներում համարժեք գործողություններ ձեռնարկելու համար։ Պարենային անվտանգությունը պետք է դիտարկել, որպես տնտեսության զարգացման հիմք»։


Արման Խոջոյանը կարևորել է ռազմավարության մշակման գործընթացում տարբեր գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների ներգրավումը և նշել, որ հարկավոր է համակարգել աշխատանքները, տարանջատել գերատեսչությունների դերը, անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցել միմյանց և սինխրոնիզացնել տարբեր գերատեսչությունների գործողությունները։


Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն մեկ անգամ ևս վերահաստատել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հանձնառությունը և պատրաստակամությունը օգնելու ռազմավարության մշակման գործում։


Դաուն Խանը տեղեկացրել է, որ 2,5 շաբաթ Հայաստանում եղած ժամանակահատվածում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմի հետ հանդիպումներ են ունեցել որոշ գերատեսչությունների ղեկավարների հետ և նշել, որ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները ներդնել փաստաթղթի մշակման աշխատանքներն իրականացնելու գործընթացում։


Պարենային անվտանգության շրջանակում դիտարկվել է պարենամթերքի արտադրության զարգացումից բացի, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների դերը, շոկային իրավիճակներին արագ արձագանքման համակարգերի անհրաժեշտությունը, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և գիտական տվյալների բազայի կարևորությունը, նաև մարդկային ռեսուրների զարգացման, քաղաքացիներին իրազեկման և կրթական այլ միջոցառումները։


Ծավալված քննարկման ընթացքում կարծիքներ և տեսակետներ են փոխանակվել ռազմավարության փաստաթղթի և գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների վերաբերյալ։


Հանդիպման ավարտին մասնակիցները հաստատել են միասնական աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ պարենային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով, սահմանվել են հստակ ժամկետներ աշխատանքների իրականացման համար։