Առաջին ընթերցմամբ ընդունվել են հակածխախոտային օրենսդրությունը խստացնող փոփոխությունները
Առաջին ընթերցմամբ ընդունվել են «Ծխախոտի արտադրանքի և դրանց փոխարինողների օգտագործման հետևանքով առողջությանը պատճառված վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունները։ Փոփոխություններին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 29։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ներկայացնելով օրինագիծը, ասաց, որ օրենքը նախատեսում է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի արտադրանքի և դրանց փոխարինողների օգտագործման արգելք։ Այս սահմանափակումը վերաբերում է նաև բաց սննդի օբյեկտներին։ Սակայն գործող օրենսդրությամբ տրված ծխախոտի արտադրանքին փոխարինող սահմանումը չի ներառում նիկոտին պարունակող ապրանքները, որոնք վերջին շրջանում մուտք են գործել հայկական շուկա։ Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «վեյփերի» մասին է։
Տարբերակված մոտեցումից խուսափելու համար Առողջապահության նախարարությունը արագորեն մշակեց օրինագիծ, որը կներառի նաև «վեյփը» այս սահմանափակումների տակ։ Փոխնախարարը նշեց, որ ծխախոտի փոխարինիչների այս կատեգորիան աշխատում է ոչ թե լուծույթի, ինչպես օրենքով սահմանված, այլ պինդ նյութի գոլորշիացման հիման վրա։ Ուստի, փոփոխությունը նախատեսում է ծխախոտի արտադրանքին փոխարինող՝ նյութի սահմանմանը ավելացնել միայն մեկ բառ։