Պաշտոնական Երևանից որևէ արձագանք չկա Արցախում տեղի ունեցողի հետ կապված. Գեղամ Մանուկյան
Կառավարությունը հանդես է գալիս հակածխախոտային օրենքում հաջորդ փոփոխություններն օպերատիվ կերպով ընդունելու նախաձեռնությամբ, մինչդեռ իրականում արժեր նման օպերատիվ քննարկել Արցախի խնդիրները։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Կարծում եմ՝ այսօր Հայաստանի խորհրդարանը պետք է քննարկի Արցախում ստեղծված իրավիճակը. գազատարը չի աշխատում, իսկ Արցախի մեր հայրենակիցներն արդեն երկրորդ օրն է՝ առանց ջեռուցման են, Խրամորթ գյուղը կրակի տակ է, ստեղծված իրավիճակի պատճառով գյուղատնտեսության մեկնարկի աշխատանքները հետաձգվում են: Սակայն պաշտոնական Երեւանից որեւէ արձագանք չենք լսում՝ կապված այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում։ Փոխարենը արտաքին գործերի նախարարությունը շարունակում է արհեստական թեզ առաջ քաշել «խաղաղության դարաշրջանի» մասին»,- ասաց Մանուկյանը։