24.11.2024
Մոսկվա, Մոսկվա ու էլի Մոսկվա. Զվարթնոց օդանավակայանի հագեցած գրաֆիկը
prev Նախորդ նորություն

Կարևոր է կանխել արտարժույթի արտահոսքն ու լուծել ցորենի ներկրման խնդիրը. Վահե Հակոբյան

Հայաստանի համար ներկայումս ամենակարեւոր խնդիրը արտարժույթի արտահոսքի կանխումն է։ Այս մասին  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը։


Նրա խոսքով, ներկայումս անհրաժեշտ է ապահովել դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքի կայունությունը։ Նա նշեց, որ առկա տվյալներով՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի էսկալացիայից հետո Ռուսաստանից օրական Հայաստան է այցելում ՌԴ մոտ 6000 քաղաքացի, գալիս են նաև Ուկրաինայից։

«Հիմնականում իրենց հետ ռուսական ռուբլի են բերում։ Այստեղ փորձում են ռուբլի փոխանակել, արդյունքում դա արտացոլվում է դրամ/դոլար փոխարժեքի վրա»,- նկատեց պատգամավորը։


Հակոբյանը նշեց, որ կարեւոր է նաեւ Հայաստանից արտարժույթի արտահոսքի կանխումը։ «Ներկայումս, իմ տեղեկություններով, էկոնոմիկայի նախարարությունը նոր ընթացակարգ է մշակում, ըստ որի օտարերկրյա ներդրողները, ովքեր այստեղ բացել են հաշիվ, պետք է այն պահեն 6 ամիս։ Սա որոշ չափով զսպող մեխանիզմ է»,- ասաց ընդդիմադիրը։


Մեկ այլ պոտենցիալ խնդիր, որին Հայաստանը կարող է բախվել ռուս-ուկրաինական ճգնաժամի ներքո, ցորենի պակասն է։ Հակոբյանը հիշեցրեց, որ Հայաստանն իր ցորենի մեծ մասը ներկրում է Ռուսաստանից, որն էլ իր հերթին սահմանափակումներ է դրել ցորենի արտահանման վրա։ Այդ սահմանափակումները, նրա համոզմամբ, կխստացվեն ճգնաժամի ձգձգման հետ, ինչը խնդիրներ կստեղծի Հայաստանի համար։


«Կառավարության նիստում հնչած կոչը՝ ցորեն ցանել բոլոր նրանց, ովքեր ունեն 3 հեկտարից ավելի դաշտեր, դիլետանտիզմ է։ Ամեն տեղ չէ, որ կարող ես ցորեն ցանել ու հնձել»,- ասաց պատգամավորը։