Վահագն Խաչատուրյանը կողմ է «խաղաղության օրակարգի» առաջմղմանը
Տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ, Հայաստանի զարգացումն ապահովելու այլ հեռանկարներ չկան։ Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը՝ մեկնաբանելով պատգամավորների այն հարցը, թե կնպաստի՞ նա արդյոք «խաղաղության օրակարգի» առաջմղմանը։
«Հայաստանի զարգացման այլ ուղիներ ես չեմ տեսնում։ Հենց այս պատճառով էլ ասում եմ, որ պետք է ձերբազատվել ներքին վախերից։ Մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ։ Մենք պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատենք բոլոր հարեւան երկրների հետ և այս տրամաբանությամբ ապահովենք Հայաստանի զարգացումը։ Մեզ այլ ճանապարհ չկա»,- ասաց նա։
Խաչատրյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է դադարի հույս ունենալ, որ «ինչ-որ մեկը կգա ու կօգնի»։ «Մենք ունենք հարևաններ, նրանց հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել։ Ինձ համար սա փիլիսոփայություն կամ քաղաքական դիրքորոշում չէ, ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է այլ կերպ լինել»,- վստահեցրեց նա։ Թեկնածուն վստահ է, որ երկխոսությունը միշտ ավելի ճիշտ է, քան ուժի կիրառումը, և ուժը պետք է դրսևորվի գիտելիքով և տեխնոլոգիական առաջընթացով։
Նա վստահ է, որ այլ մոտեցումները կարող են երկիրը տանել միայն կործանման ճանապարհով: