Բարեփոխումներ չեն լինելու եւ Սարգսյանը չի հանդիպի Սեֆլիյանին. Գալուստ Սահակյան
Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարակաը կապված էր ուղիղ նրա առողջական խնդիրների հետ: Այլ վարկածներ այս դեպքում չկա: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուս Սահակյանը: «Ես կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո նա որեւէ նշանակում կունենա: Դատախազի պաշտոնից ազատվելն իր խնդրանքն է եղել: Ինքը չէր ցանկանում դատախազ լիներ առողջական խնդիրների պատճառով», - ասել է նա:
Նա չի բացառել, որ առաջիկայում այլ պաշտոնանկություններ լինեն: «Այլ պաշտոնների փոփոխությունները միշտ էլ կարող են լինել, բայց չեմ կարծում, որ ակնհայտ մեծ փոփոխություններ լինեն», - ասել է Սահակյանը: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս հայտարարած ազգային համաձայնության կառավարության ձեւավորման գաղափարին, ԱԺ նախագահը նշել է, որ դա տեղի է ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններից հետո: «Կառավարությունը կփոխվի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Մտածում ենք, որ կլինի այնպիսի կառավարություն, որն իր մեջ կունենա տարբեր քաղաքական ուժեր՝ կոալիցիոն կառավարություն», - ասել է նա՝ հավելելով, որ կոալիցիոն կառավարությունը հենց «հենց ազգային համաձայնության կառավարությունն է, որը կձեւավորվի ընտրություններից հետո»:
Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի ու Գալուստ Սահակյանի ասածի միջեւ հակասություն կա: «Ազգային համաձայնության կառավարությունը ընտրություններից հետո ստեղծվող սովորական կոալիցիոն կառավարությունը չէ, դա երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար ձեւավորվող, ինչու չէ՝ նաեւ արտահերթ ստեղծվող կառավարությունն է», - նշում է լրագրողը, ինչին ի պատասխան ԱԺ նախագահը պատասխանում. «Ոչ, մինչեւ ընտրությունները որեւէ նման խնդիր լինել չի կարող: Ես կարծում եմ, որ մարդիկ սխալ են հասկացել: Խորհրդարանի կազմավորման նոր մոդելը դրան է տանում»:
Թեպետ «հուլիսյան ճգնաժամից» հետո հասարակական, քաղաքական ու փորձագիտական լայն շրջանակներ խոսում են խորքային բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին, Գալուստ Սահակյանը, ով ի պաշտոնե համարվում է երկրի երկրորդ դեմքը, հայտարարել է, որ առաջիկայում «մեծ անլիքներ չեն լինելու»: «Մենք նախ եւ առաջ մտածում ենք պետության կառուցողական քաղաքականության մասին: Մենք այն քաղաքական ուժը չենք, որ ինչ-որ պրիմիտիվ բաներ անենք, որոնցով ժողովրդի աչքին բարձրանանք, որ մեզ ընտրեն», - հավաստել է նա` հավելելով, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակող բազմությունը, որը հուլիս ամսին շուրջօրյա բողոքի կացիաներ էր իրականացնում, ոչ թե իշխանությունների է դեմ, այլ ուղղակի «այլ կերպ է մտածում»:
«Ես չեմ կարծում, որ դա Հանրապետականի դեմ է, որովհետեւ միշտ էլ երկրում մի հարյուր հազար հոգի կարող է այլ կերպ մտածել: Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ մեկին էին պաշտպանում, այլեւ դժգոհ էին իրենց ապրելակերպից ու ոտքի են կանգնել: Եվ ես կարծում եմ, որ իրոք ժողովուրդը դժգոհելու տեղ ունի», - նշում է նա:
Հարցազրույցի վերջում պատասխանելով հարցին, թե Սերժ Սարգսյանը խոստացել էր հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ: Ինչո՞ւ չի հանդիպում, Սահակյանը պատասխանել է, որ այդ խոստումը չի իրականանա: «Չեմ կարծում, որ նման խոստումն իրականանալի կդառնա, քանի որ այն ժամանակ խոսքը գնում էր այն մասին, որ բոլորը զենքերը վայր դնեն ու հանձնվեն Ժիրայր Սեֆիլյանի միջոցով: Բայց այդպես չեղավ»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ զինված խմբի եւ իշխանությունների միջեւ բանակցող ղարաբաղյան պատերազմի վետերան, գեներալ Վիտալի Բլասանյանը «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ զենքը վայր դնելու դեպքում նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: