VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծոեր» խմբի անդամ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը
Արմենակ Կյուրեղյանը, երեկ մեզ հետ զրույցում պարզաբանեց մեր այն տեղեկությունը, որ իրենց օժանդակելու համար բացված հաշվեհամարը փակվել է։ Տեղեկությունը մեզ հայտնել էր «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ
Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը։ «Առանց մեզ տեղյակ պահելու հաշվեհամար էր բացվել, երբ որ իմացա խնդրեցի փակել։ Ես և տղաներս դեմ ենք այդ եղանակով գումար հավաքելուն։ Կարծում եմ ճիշտն այն է, որ այդ անձնական հաշիվների փոխարեն մեկ ընդհանուր ֆոնդ բացվի և հավաքված գումարով բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերվի՝ իրավական և մնացած այլ անհրաժեշտ մասերով։ Ես չեմ ասում, թե հիմա աջակցության կարիք կա կամ չկա, աջակցության կարիք բոլորը ունեն։ Բայց սկսենք գումար հավաքել, գովազդ անել իմ տղաները ճիշտ չեն համարում։ Նրանք իրենց կյանքն են դրել զոհաբերության սեղանին, գիտակցաբար։ Նրանք այդ քայլին գնալուց առաջ իմացել են, որ դժվարություններ են լինելու։ Նրանք հո չեն գնացել, որ հետո հաշվեհամար բացվի ու օգնության խնդրվի։ Գիտե՞ք ինչ, սակարկումների ու բամբասանքների տեղիք են տալու նման բաները»,– ընդգծեց Արմենակ Կյուրեղյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ պաշտոնանկությունների մասին ազդարարող լուրերի իսկական շքերթ էր: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ
Մնացական Մարուխյանի պաշտոնանկության մասին լուրերի թանաքը դեռ չէր չորացել, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ երեկ ստորագրած հրամանագրով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ
Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ»-ն այս տարվա մարտի 5-ին գրել էր, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը ցանկանում «տարեց» կադրերից ազատվել, եւ հերթում առաջինը Հրանտ Եպիսկոպոսյանն է: Նույնիսկ լուրեր տարածվեցին, որ նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել եւ թոշակի է անցնելու, բայց հետագայում պարզ դարձավ, որ նա, այնուամենայնիվ, չէր ցանկացել հրաժարական ներկայացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրանտ Եպիսկոպոսյանն իր ազատման մասին իմացել է հրամանագրի ստորագրվելուց հետո միայն: Կասկածից վեր է, որ եթե նա մարտին իմանար, որ իրադարձություններն այսպես կզարգանան, ապա հաստատ ինքնակամ եւ պատվով թոշակի կգնար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ նախագահի նստավայրում քննարկվում են ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուներ. մեկը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Արթուր Դավթյանն է, մյուսը` ՀՀ նախագահի խորհրդական
Հրայր Ղուկասյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Գեւորգ Կոստանյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է եւ ինքը օգոստոսի 4-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Վահան Բադասյանը համոզված է, որ
Սերժ Սարգսյանը, միեւնույն է, հրաժարական է ներկայացնելու, անկախ նրանից, որ նրան հաջողվել է «Սասնա ծռերին» բանտարկել: «
Ռոբերտ Քոչարյանն ո՞ւր է, ԶԼՄ-ներն ասում են, որ նա ապրում է Ամերիկայում մեկ տարուց ավել, իր թոռների ու որդիների հետ: Աստված պահի, բայց ինքը մի քանի միլիարդ դոլար մեզանից թալանի, առանց պատժի գնա, վայելի՞, մենք այդ դառնությունը կրե՞նք, մեր բանակը մնա առանց սպառազինությա՞ն, մեր անվտանգությունը լինի խարխլվա՞ծ, մեր տնտեսությունը քայքայվա՞ծ: Սերժ Սարգսյանը Հայաստանում զավակ էլ չունի, իր աղջիկներն ու փեսաները ապրում են դրսում: Ինքը վաղը իր միլիարդները վերցնելու է, գնա դուրս, նորից մենք չարքաշ կյանքով ապրելու ենք այստեղ: Եւ մենք քանի ուշ չէ, պետք է այս վարվելակերպին վերջ դնենք, որ չթալանեն: Մենք պետք է ձեռնամուխ լինենք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Մեկ է` տալու է: Անկախ նրանից, որ նա «Սասնա ծռերին» խաբեց, լցրեց բանտերը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Բադասյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2013 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազ նշանակված 39-ամյա Գեւորգ Կոստանյանը երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ նախագահին` պաշտոնապես հայտնելով, թե առողջական խնդիրներ ունի: Նկատենք, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում չէր եղել ոչ մի իրադարձություն, որը կհուշեր Գեւորգ Կոստանյանի հնարավոր հրաժարականի մասին: Իհարկե, ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների օրերին Գեւորգ Կոստանյանն արձակուրդում էր` Հունաստանում, սակայն անգամ վերադարձից հետո հրաժարականի հարցը որեւէ կերպ չէր դիտարկվում, քանի որ առավել առաջնային հրաժարականի պահանջներ էին բարձրացվում: Եւ ուրեմն ինչո՞ւ նա հրաժարական ներկայացրեց: Նկատենք, որ նշանակման օրվանից Գեւորգ Կոստանյանը հասցրեց թշնամանալ գրեթե բոլոր շրջանակների հետ` սկսած իր` նախագահականի երիտթեւից, վերջացրած ուժային կառույցների ղեկավարներով: Նա չէր ընդառաջում խնդրանքները, անգամ ԱԺ պատգամավորներն ու նախարարները որեւէ հարցով դատախազին դիմելու իմաստ չէին տեսնում` քաջ գիտակցելով, որ մերժվելու են: Եւ հասկանալի է, որ այս «չոր» պահվածքը մի օր ունենալու էր իր հետեւանքը: Ու եկավ այդ պահը: Երբ հանգստից վերադարձած Կոստանյանը եռանդով հրահանգեց քրեական գործեր հարուցել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ բռնություն կատարած քաղաքացիական համազգեստով անձանց նկատմամբ, իրավիճակը պայթեց:
Ըստ ամենայնի, Կոստանյանին բացատրվել է, որ քաղաքացիական հագուստով անձանց պետք է «մաքրել» քրգործերից, նրանք չպետք է պատժվեն, այլ մեղադրյալներ պետք է լինեն միայն արդեն կալանավորվածները: Գլխավոր դատախազն էլ որոշեց հրաժարական տալ` դրանով փաստելով, որ այդ պաշտոնն իր համար «սրբավայր» չէ, եւ դատախազության շենքից էլ դուրս եկավ հետնամուտքով` չհամբուրելով դուռը: Թեեւ, եթե նա իսկապես սկզբունքային պաշտոնյա էր, պարտավոր էր մնալու եւ պայքարելու, բայց… հանձնվեց` հիասթափեցնելով երիտասարդ գործիչների հետ հույսեր կապողներին: Նկատենք, որ պաշտոնավարման 3 տարիների ընթացքում Կոստանյանը հասցրեց Հայաստանի քաղաքական պատմության մեջ մնալ իր տված «տղամարդու» խոստումով, որ ռուս զինծառայող
Վալերի Պերմյակովը, ով սպանել էր Գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, «դատվելու է Հայաստանում»: Այդպես էլ եղավ` Պերմյակովը, որի համար դատախազը պահանջելու է ցմահ ազատազրկում, «դատվեց» Հայաստանում: Ինչը նշանակում է, որ Կոստանյանն իր «տղամարդու խոստումը» կատարեց ու լքեց պաշտոնը` իր տեղը ժամանակավորապես զիջելով ԳԴ տեղակալ
Արմեն Հարությունյանին»: