ՀՌՀ-ում ստեղծվեց «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդ
Բարձրագույն որակավորման կոմիտեի որոշման համաձայն` Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդ, որը կարող է կազմակերպել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ:
Վերոնշյալ խորհուրդը (11 հոգի ընդհանուր կազմով) գլխավորել է ՀՌՀ-ի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, իսկ գիտական քարտուղարն է ՀՌՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Հայրապետյանը։ Խորհրդի կազմում են ընդգրկվել նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան Պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ Դմիտրի Ֆիրսովը, Վադիմ Շալիգինը և Մաքսիմ Վինիչենկոն:
Պրոֆեսոր Հայկ Սարգսյանի հավաստմամբ` «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդի ստեղծումը լայն հեռանկարներ է բացում համալսարանի առջև` բարձրակարգ գիտական կադրերով համալսարանին և պետությանն ապահովելու համար, ինչպես նաև ինժեներաֆիզիկական կրթության մրցունակության բարձրացման համար: Բացի այդ` այս ամենը հնարավորություն է ստեղծելու ապահովել գիտական կադրերի շարունակականությունը և բարձրացնել գիտական դպրոցների աշխատանքի արդյունավետությունը:
Առաջիկայում Հայ-Ռուսական համալսարանում կայանալու են ատենախոսությունների նախապաշտպանություններ, իսկ առաջիկա երեք ամսվա ընթացքում լինելու է նաև առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: