Իտալական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ում մի շարք ոլորտներով․ դեսպան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։
Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն իր հերթին ընդգծել է, որ առկա է մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Զրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես դեսպանը նկատել է, որ իտալական շատ ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքների, շինարարության, էներգետիկ ոլորտներով և ցանկալի կլինի Հայաստանում տեսնել իտալական ընկերությունների։
Նախարարն ընդգծել է, որ ՏԿԵ նախարարության կողմից առաջիկայում բազմաթիվ միջազգային մրցույթներ են հայտարարվելու, մեկնարկելու է «Հյուսիս-հարավ» ծրագրի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության մրցութային գործընթացը և ուրախալի կլինի այդ մրցույթների մասնակիցների ցանկում տեսնել իտալական ընկերությունների։
Նախարարը, որպես հայ-իտալական համագործակցության լավ օրինակ, ընգծել է Երևանում իտալական «Ռենկո» ընկերության և կառավարության համագործակցության արդյունքում ջերմաէլեկտրակայանի կառուցումը, որն արդեն կարևոր դերակատարում ունի մեր էներգետիկ համակարգում։ Նախարարը նկատել է, որ այս համագործակցությունն օրինակ կարող է ծառայել իտալական այլ ընկերությունների համար։