ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
«Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ: