Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այցը կտևի մինչ փետրվարի 19-ը, որի ընթացքում գլխավոր հանձնակատարը տասնյակ հանդիպումներ կունենա Փարիզում, Լիոնում, Մարսելում և Նիցցայում։
Ինչպես հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, փարիզյան օրակարգը մեկնարկել է Հայաստանի էսպլանադ այցելությամբ, որտեղ գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ծաղիկներ են խոնարհել Կոմիտաս վարդապետի արձանին։ Հայաստանի էսպլանադը գտնվում է Փարիզի սրտում՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքում։ Այն իր ընդարձակ տարածքի մեջ է ներառում նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։
Ըստ աղբյուրի՝ այնուհետև գլխավոր հանձնակատարն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդարան, շրջայց կատարել եկեղեցու տարածքում, հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Հայոց թեմական պատգամավորական ժողովի ներկայացուցիչների հետ։ Թեմական առաջնորդը նշել է, որ այժմ թեմն ունի 27 եկեղեցի։ «Եկեղեցին առաքելություն է, ոչ թե շենք»,-ընդգծեց հոգևոր առաջնորդը՝ գլխավոր հանձնակատարին ներկայացնելով թեմի գործունեությունը, երիտասարդների հետ ակտիվ աշխատանքը, հայկական ամենամյա փառատոնի անցկացումը։
«Ֆրանսիայում հայկական դպրոցները պահանջված են, սակայն ունեն նաև տարաբնույթ խնդիրներ։ Առնուվիլի «Հրանտ Դինք» վարժարան այցելության ընթացքում Գլխավոր հանձնակատարին ներկայացվեցին արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման, ինչպես նաև ուսուցիչների սակավության խնդիրները։ Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց դպրոցի ուսուցչական անձակազմին, շրջայց կատարեց և փոքրիկ զրույց ունեցավ աշակերտների հետ։ Այժմ դպրոցն ունի շուրջ 85 աշակերտ։ Զարեհ Սինանյանը հեռավար զրույց ունեցավ նաև դպրոցի ուսմասվար Կարապետ Դաքեսյանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տեղեկացմամբ՝ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին հայանպաստ գործունեության համար՝ կարևորելով Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։
«Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի հետ։ Բարձր գնահատելով քաղաքապետի հոգածությունը տեղի հայերի և սերը Հայաստանի ու Արցախի հանդեպ՝ Գլխավոր հանձնակատարը Պասկալ Դոլին սիրով հրավիրեց Հայաստան։ Առնուվիլը համագործակցության հուշագիր է կնքել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հետ․ այսպիսի հուշագիր է առկա նաև Արցախի Շեխեր համայնքի հետ, որն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո»,- հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի հետ կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է «Դպրոցասեր» կրթական հաստատության գործունեությունը։ «Քաղաքն ամեն ինչ անում է «Դպրոցասեր»-ը ապրեցնելու համար, և որպեսզի դպրոցի սաները կարողանան քաղաքային ենթակառուցվածքներից ամբողջովին օգտվել»,-նշել է քաղաքապետը։
«Ես համոզված եմ, որ Ռենսիում ապրող հայերը Ֆրանսիայի լավ քաղաքացիներ են, և դա Ֆրանսիայի հայերին բնորոշ գիծ է։ Նրանք լավ ինտեգրված են, սակայն պահում են իրենց ազգային հատկանիշները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար և հույս հայտնել, որ մեկ օր Հայաստան կայցելեք»,-ընդգծել է գլխավոր հանձնակատարը։
Նշվում է, որ Ֆրանսիա այցի շրջանակներում գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Հայկական շարժում» կազմակերպության տնտեսական ֆորումին, որտեղ ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը և Հայաստանի տնտեսական հնարավորությունները, պատասխանել ներկա գործարարների հարցերին։ Ֆորումի ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական ոլորտները, արտոնությունները, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցեր։ Ֆորումի ավարտին որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործարարների կողմից հայաստանյան շուկայի կարիքների գնահատման վերաբերյալ։