VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքում հասկանում են, որ գնալով իրենց վարկանիշը իշխանությունից ոչ պակաս անկում է ապրում, եւ տարբեր գործիքակազմերի կիրառման վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ունենում՝ փողոցային պայքարը թեժացնելու եւ խորհրդարանական աշխատանքին զուգահեռ տանելուց մինչեւ մանդատները վայր դնելը: Որքան էլ տարակուսելի է, սակայն վերջին այդպիսի քննարկումներից մեկի ընթացքում պարզ է դարձել, որ դաշինքում մեծամասնություն են կազմում այն պատգամավորները, որոնք դեմ են մանդատները վայր դնելուն, թեպետ ընտրությունների հաջորդ օրը քննարկվել եւ համաձայնություն է տրվել, որ ինչ-որ պահի քննարկելու են այս հնարավորությունը: Դաշինքի ներկայացուցիչները շարունակում են մարզային այցերը, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ռեստարտի համար փողոցային ակցիաների շարք սկսեն: Մանավանդ, որ արտախորհրդարանական ընդդիմությունն արդեն նման ծրագրեր է մշակում եւ անգամ հայտարարում դրա մասին»:
«Հրապարակ» թերթը խմբագրականում գրում է. «Շատ շուտով Հայաստանը կդառնա իսկապես «ժողովրդավարական» երկիր: Այնպիսի երկիր, ինչպիսին երազում է տեսնել Նիկոլ Փաշինյանը: Իսկական իդիլիա կտիրի մեր երկրում: Կառավարությունը որոշումներ կընդունի եւ օրենքներ կուղարկի Ազգային ժողով: ԱԺ մեծամասնությունը` առանց առարկությունների, այդ բոլորը կդակի: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կվավերացնի այդ օրենքներն ու հրամանագրերը` դրանցում որեւէ խնդիր չտեսնելով: Որոշ օրենքներ ու պայմանագրեր կհասնեն Սահմանադրական դատարան, որը եւս անմռունչ կվավերացնի այդ փաստաթղթերը եւ կմերժի ընդդիմության բոլոր դիմումները: Բոլոր այն դատավորները, որոնք դեռ կհամարձակվեն չկատարել իշխանությունների կամքը, պաշտոնաթող կարվեն ԲԴԽ 5 գիտնական անդամների քվեարկությամբ` Գագիկ Ջհանգիրյանի հրահանգով: Նորանշանակ օմբուդսմենը` Քրիստիննե Գրիգորյանը, կփառաբանի իշխանությունների վարքն ու բարքը եւ աննշան խախտումներ կգտնի ինչ-որ տնտեսվարողների գործողություններում: Այն տնտեսվարողների, որոնք դեռեւս չեն մուծվել վարչապետի տիկնոջ հիմնադրամին: Սփյուռքի հանձնակատարի կրտսեր հանձնակատարները, որոնք կգործեն սփյուռքի բոլոր համայնքներում, ՀՀ իշխանություններին սատարող հայտարարություններ կտարածեն: Արտախորհրդարանական ուժերի կոալիցիան կշարունակի պարբերաբար հանդիպումներ ունենալ վարչապետի հետ, եւ կառուցողական քննարկումների արդյունքում տպավորություն կստեղծվի, թե քաղաքական դաշտում համագործակցային մթնոլորտ է տիրում: Զուգահեռաբար կկնքվեն պայմանագրեր Թուրքիայի, հետագայում՝ Ադրբեջանի հետ, կբացվեն սահմաններն ու ճանապարհները, կմոռացվի Արցախի անկախության հարցը: Սյունիքում ինչ-որ տարածքներ թուրքերին զիջած իշխանությունը, նաեւ Արցախը կզիջի ռուսներին: Եվ բոլորը երջանիկ կլինեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի կառավարությունը ոչ իշխանական ներկայացուցիչներով համալրելու եւ կոալիցիոն կառավարման մոդել կիրառելու մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ծրագիրը Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ ձախողել է: Հիշեցնենք, որ տարեսկզբին Հարությունյանը խորհրդարանական ուժերի եւ գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված նիստ արեց ու հայտարարեց այս ծրագրի մասին, որը, ըստ էության, 2020-ի պատերազմից հետո էր խոստանում իրականացնել: Բայց այն ժամանակ Փաշինյանը տապալեց` թույլ չտալով, որ ընդդիմադիրները ներգրավվեն Արցախի կառավարմանը: Թեման կրկին բարձրացավ անցած տարեվերջին` Փաշինյանի հայտնի ասուլիսից հետո, երբ պարզ դարձավ, որ Արցախի կարգավիճակի թեման ՀՀ վարչապետը համարում է փակված: Եվ Արայիկ Հարությունյանը կրկին խոստացավ իրականացնել 21-ի հունվարին մշակված սխեման` նախկին պաշտոնյաներին եւ ընդդիմադիրներին ներգրավելով կառավարման գործին: Չնայած, նախնական քննարկման համաձայն, անցած շաբաթներին կառավարության մի շարք առանցքային պաշտոնյաներ արդեն պետք է հրաժարական տային, այդ թվում՝ պետնախարար Արտակ Բեգլարյանը եւ այլք, սակայն առայսօր ընդամենը մեկ՝ ԿԳՄՍ նախարարն է փոխվել, որին Հարությունյանն իր խորհրդական է նշանակել: Երեկ նրա հրամանագրով էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարություններն են տարանջատվել՝ տպավորություն ստեղծելով, թե հերթական կադրային փոփոխությունն է անում, եւ ծրագիրն ուժի մեջ է»:
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Երեւանի քաղաքապետարանի «սեռի կարդինալը» նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, եւ իրականում ոչ թե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ ինքն է համակարգում հիմնական աշխատանքները: Թե որքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» պարզեց Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանի տեսակետը: «Բազմաթիվ խոսակցություններ են պտտվում, բայց ես դեռ պարոն Ավինյանին այս շենքում չեմ տեսել, թերեւս միայն Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ, երբ բարձրաստճան ՔՊ-ականներն էին եկել, բայց չեմ էլ ուզում պարոն Ավինյանին դասել այդ շարքերին: Ինքս այդ խոսակցությունների մասին մամուլից եմ տեղեկացել, որովհետեւ նրանց հետ ընդհանրապես շփման եզրեր չունեմ: Թե ինչ դուրս կգա այս ամենից, կարծում եմ` մոտակա ամիսների ընթացքում ավելի ակներեւ կլինի»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք դեռեւս փետրվարի 1-ին գրել էինք, որ մոտ օրերս «Արմնյուզի» հեռարձակումն անջատվելու է, եւ հեռուստատեսային այս սլոթի համար նոր մրցույթ է հայտարարվելու: Ընտրություններից հետո այս հեռուստաընկերությունն ու «Քառյակ մեդիային» պատկանող մյուս լրատվամիջոցները` Tert.am կայքը եւ ArmNews ռադիոն, աշխատում էին խիստ պասիվ ռեժիմով: Սեփականատերերը փորձում էին գնորդ գտնել, սակայն այդ փորձերը ձախողվել են: Երեկ «Քառյակ մեդիան» հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը: Ցավոք սրտի, մի կայացած հեռուստաընկերություն դադարեց գործելուց, եւ հեռուստաեթերում մնալու են հիմնականում անճաշակ ու հանրությանը մոլորեցնող իշխանական թիվիները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` ի դեմս Անդրանիկ Թեւանյանի, հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը», որը ստորագրվել է 2021 թ. հունիսի 15-ին` նախագահների կողմից, ապա վավերացվել Թուրքիայի պառլամենտում: Սա թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք է՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում, Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եւ պահանջ է դրվում, որ Հայոց ցեղասպանության հարցը դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ու դառնա պատմաբանների քննարկման թեմա: «Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձեւակերպումները վկայում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ՝ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»,- ասվում է նախագծում եւ նշվում, որ այն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որով կողմերը պարտավորվել են թուլացնել լարվածությունը, կոմունիկացիաները գործարկել: Ուշագրավ է, որ հռչակագիրը վավերացվել է հայ-թուրքական, իբրեւ թե, առանց նախապայմանների «խաղաղության դարաշրջանի» մեկնարկից հետո: Ընդդիմադիրները կարծում են, որ Երեւանի լռությունը համաձայնության նշան է, իսկ հայտարարությունը մեսիջ կլինի հայությանը, որ ՀՀ-ն կարմիր գծերից չի նահանջելու: Նախագիծը ՔՊ-ին բարդ երկընտրանքի առջեւ է կանգնեցրել՝ ինչպես «ջրել» այս նուրբ թեման, որ դավաճանության մեջ չմեղադրվեն, իսկ հարեւաններին սիրաշահեն: Ըստ ամենայնի` սահմանազատման հետ կապված նախագծի փորձը կկրկնեն, որը չընդունվեց օրակարգ, քանի որ պարունակում էր «ընդդիմադիր լեքսիկոն», անվստահություն ՀՀ լեգիտիմ իշխանության հանդեպ ու թուլացնում էր հայկական կողմի դիրքորոշումը բանակցություններում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի փաստացի եկամուտները ընդհանուր թվով կազմել են 81 մլրդ ,729մլն 646 հազար դրամ՝ ծրագրված 85 մլրդ 801 մլն 844 հազար դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 95.3%։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ բյուջեի կատարողականի հաշվետվությունից։ Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80 մլրդ 353 մկն 278 հազար դրամի ծախսեր՝ կազմելով ճշտված ծրագրի 73.3%-ը։ Այսպիսով, Երեւանի վարչական շրջաններից ամենացածր կատարողականը՝ 81 տոկոսով, կատարել է Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմը, իսկ ամենաբարձրը՝ 90,05 տոկոս՝ Արաբկիր վարչական շրջանը։ Իսկ այժմ անդրադառնանք ոլորտներին. օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատողներին բաշխվել է 915 մլն դրամ պարգեւավճար՝ նախատեսված 991 մլն դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 92,3 տոկոս, որը ավել է 2020 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից 153 մլն դրամով։ «Վերելակների հիմնանորոգում» ծրագիրը կատարվել է 84 տոկոսով, «մայրուղիների եւ փողոցների վերակառուցում» ծրագրի կատարողականը կազմել է 69,3 տոկոս, եզրաքարերի վերանորոգումը՝ 84 տոկոս, վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով էլ կատարողականը կազմել է 63,4 տոկոս։ Հավելենք, որ սա ըստ էության Հայկ Մարությանի գլխավորությամբ կատարած աշխատանքի արդյունքն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովը 2021 հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն երկու առանցքային նախագիծ՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտե եւ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք ներկայացրել էր կառավարությունը 2019թ. ընդունած Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ նոր ստեղծվելիք դատարան աշխատանքի անցնելու համար դիմել են հայտնի գործեր քննած դատավորներ, մասնավորապես՝ աղմկահարույց գործեր քննած դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը, որը իշխանությունների «սրտի դատավորն» է համարվում եւ եղել է նախկին դատախազ: Սակայն ուշագրավ այն է, որ նոր ստեղծվելիք դատարանում նաեւ ցանկություն է հայտնել լինել եւ, դեռ ավելին, ցուցակում է ընդգրկված եղել օրերս կալանավորված Բորիս Բախշիյանը, սակայն շաբաթը ուրբաթից շուտ է եկել, եւ դատավորը, ըստ էության, չի կանխատեսել, որ իրեն կալանավորելու են: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ կալանավորելուց հետո վերջինիս անուն-ազգանունը հանել են նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանում աշխատել ցանկացող դատավորների ցանկից»: