Հնարավորինս օգտագործել Ադրբեջանի կոպիտ սխալները. քարտեզագետի բաց նամակը վարչապետին
Քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը բաց նամակով դիմել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին.
"Ի սկզբանե պետք է նշեմ, որ նամակս քաղաքական ոըևէ բնույթ չի կրում, պարզապես առաջարկ է հնարավորինս օգտագործել Ադրբեջանի կոպիտ սխալներն ու հակասությունները ի շահ մեր հայրենիքի և մշակույթի:
Փետրվարի 4-ին հրատարակվեց լուրը, որ Ադրբեջանի մշակույթի նախարարը խոսել է մի կազմված ծրագրի մասին, որի նպատակն է Արցախի օկուպացված տարածքում իրենց կողմից աղվանա-ադրբեջանական անվանված հուշարձանների վրայից ջնջելու հայկական գրություններն ու հետքերը:
Այս հայտարարությունը շարունակությունն է այն պնդումին, որ Ադրբեջանի և շրջակա տարածքներում գտնվող բոլոր քրիստոնեական վանքերը, տաճարնեըը, եկեղեցիները, խաչքարերն ու հուշարձանները կառուցել են իրենց նախնիները՝ աղվանները:
Օրերս Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան անձինք պաշտոնապես հայտարարեցին որ ադրբեջանցիներն ու թուրքերը բարեկամներ են ու եղբայրներ, և երկուսը նույն ազգն ու ժողովուրդն են, բաժանված երկու երկրի միջև: Այսպիսով ադրբեջանցիները դառնում են օղուզ թուրքերի ժառանգները և ուղղակի հերքում իրենց աղվանական ծագում ունենալը:
Եթե սա է իրենց կարգախոսը, ապա քրիստոնյա աղվանները, ովքեր Ադրբեջանի պնդումով, կառուցել են տարածքում գտնվող և այսօր հայկական ճանաչված բոլոր վանքերը, եկեղեցիներն ու հուշարձանները, իրականում օրերս հայտարարծ իրենց թուրք նախնիների կառուցածները չեն կարող լինել: Այսպիսով Ադրբեջանի և Արցախի տարածքում գտվող քրիստոնեական որևէ հուշարձան, վանք ու եկեղեցի Ադրբեջանի թուրք նախնիների հետ մշակութային որևէ կապ չի կարող ունենալ:
Ադրբեջանի այս երկակի նախահայրեր ունենալը նրանք առ ասյօր գործածել են ըստ իշխող պայմանների: Եվրոպական ու քրիստոնյա ազգերի հետ բանակցելիս նրանք խոսել են իրենց աղվանական ծագում ունենալու մասին, իսկ Թուրքիայի հետ բանակցելիս նրանց նախնիները դառնում են թուրքական ցեղերը:
Մեր իշխանությունները այս հակասությունները պետք է բարձրաձայնեն ԲՈԼՈՐ միջազգային քննարկումներում ու հարթակներում, այսպիսով հերքելով Ադրբեջանի կեղծ և հակասական հայտարարությունները: Եթե, ըստ նրանց պաշտոնական հայտարարությունների, ադրբեջանցիների նախահայրերը թրքական ցեղերն են եղել, ապա իրենց հայտարարած աղվանական-քրիստոնեական մշակույթը ներկա ադրբեջանցիների հետ չունի ոչ մի առնչություն և իրենցը չի կարող լինել",- ասված է բաց նամակում: