23.11.2024
«Անորակ հրթիռների» գործով անցնող զինվորականներին Փաշինյանը «զոհ» է մատուցում հանրությանը
prev Նախորդ նորություն

Պարսից ծոց-Սև ծով-Եվրոպա գազամուղի կառուցման հավանականությունը մոտ է զրոյի. փորձագետ

Պարսից ծոցից դեպի Սև ծով ու ապա Եվրոպա գազամուղի կառուցման հավանականությունը մոտ է 0,00000000000000000000000000000000001%-ի։ Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը:

"Որպեսզի այս հարցը լուրջ քննարկվի, ապա հարկավոր է ԻԻՀ-ի և ԵՄ-ի միջև գոնե նախնական ինչ-որ պայմանավորվածություն լինի ու կնքված պայմանագիր, ինչի հավանականությունը նույնպես մոտ է վերը նշված տոկոսին:

Բացի այդ, հարկավոր է բացատրել, թե ինչ ասել է գազի շուկա՝ դրա առանձնահատկությունները, օրինակ՝ ինչո՞ւ գազը չի համարվում բիրժային ապրանք, թեև որոշ բիրժաներում վաճառվում է, ինչպե՞ս է գոյանում գազի գինը ու ինչու է այն էականորեն տարբերվում աշխարհի տարբեր երկրներում։ Ի՞նչ տարբերություն կա խողովակաշարային գազի և հեղուկացված գազի միջև, ինչու է վերջինս երկու անգամ ավելի թանկ, քան առաջինը։

Ո՞րն է խողովակաշարների կառուցման համաշխարհային փորձը և ինչ միջազգային օրենքներն են, որ խանգարում են կամ նպաստում են նմանատիպ ծրագրերի իրականացմանը և թե ինչպես կարելի է դրանք հաղթահարել և այլն։ Ինչպիսի՞ն է գազի արդյունահնման հզորությունը ԻԻՀ-ում, ի՞նչ դինամիկայով է այն աճում և ինչ արագությամբ է աճում դրա սպառումն այդ պետությունում, ովքե՞ր են հիմնական ներդրողները այդ շուկայում և ինչ տնտեսական ու քաղաքական հավակնություններ նրանք ունեն։

Ինչպիսին է գազի շուկան Եվրոպայում և ինչո՞ւ է այն շարունակաբար կրճատվում, ովքեր են հիմնական խաղացողները և ինչու է վերջին տարիներին ՌԴ-ի դիրքերը ուժեղանում այդ շուկայում։ Ինչ մրցակցություն է ընթանում այդ շուկայում և ինչ խտությամբ գազի առաջարկ կա ԵՄ-ում և ինչո՞ւ այդ կառույցին այդպես էլ չհաջողվեց գազի միասնական շուկա ու քաղաքականություն մշակել։

Ինչու Սև ծովը կդառնա անհաղթահարելի խոչընդոտ նման ծրագրի իրականացման համար, ինչ է այդ մասով "ասում" ՄԱԿ-ի ծովերի մասին կոնվենցիան և ինչպես է այն գործում նշված ջրավազանում։

Ամենակարևորը՝ ի՞նչ կարժենա նման ծրագիրը և ընդհանրապես՝ ո՞վ գիտե ինչ արժե հարթավայրերով, լեռներով և ջրի տակով անցնող խողովակաշարի մեկ գծամետրը ու ով է պատրաստ այդ ամենը վճարելու ու քանի տասնամյակ անց այն իրեն տնտեսապես կարդարացնի։

Դեռ չեմ խոսում հարցի քաղաքական կողմի մասին․․․․ու այս ամենը ընդհանրապես հարցերի միայն փոքր մասն է, որ այս դեպքում առաջ են գալիս:

Նորից եմ կրկնում. նմանատիպ խողովակաշարի կառուցման հավանականությունը, անկախ նրանից, թե որ դեսպանը որտեղ ինչ հայտարարեց, մոտ է զրոյի",- գրել է փորձագետը: