ԲԴԽ-ն Թաթոյանին դատական իշխանության գործունեությանը միջամտելու մեջ է մեղադրում
Բարձրագույն դատական խորհուրդը, ծանոթանալով 2022 թվականի փետրվարի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հրապարակած հայտարարությանը, դրա մի շարք դրույթների կապակցությամբ տեղին է համարում նշել, որ խնդրահարույց են հայտարարության մեջ պարունակվող մի շարք դատողություններ, որոնք վերաբերում են ՀՀ դատարաններում քննվող և հետագայում հնարավոր քննության առարկա հանդիսացող քրեական գործի հանգամանքներին և դրանց գնահատմանը:
Այս մասին ասված է ԲԴԽ-ի տարածած հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Խորհուրդը անընդունելի է համարում այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանը իր հայտարարության մեջ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդին և վերջինիս գործունեությանը, հարկ չի համարել գործի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար ստանալ Խորհրդի դիրքորոշումը։
Կոնկրետ քրեական գործով միայն շահագրգիռ՝ պաշտպանական կողմի մոտեցումների վերարտադրման արդյունքում կատարված եզրակացությունները որպես սահմանադրական մարմնի դիրքորոշում ներկայացնելը անուղղակի միջամտություն է դատական իշխանության անկախությանը։
Գտնում ենք, որ պարոն Թաթոյանի նման գործելակերպը չի կարող նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի, որպես սահմանադրական մարմնի անաչառության և օբյեկտիվության ապահովմանը և կոչ ենք անում վերջինիս չձեռնարկել քայլեր, որոնք կարող են դիտվել որպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատական իշխանության գործունեությանը միջամտություն»։