Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրը վաճառվել է. Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Golden Palace հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«2021 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է. անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) - 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ»,-նշել է նախարարը:
Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 000 000 000 ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի.
1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը
2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը
3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը
4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը
5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը
Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։
Ընկերության կողմից գույքի գնման նպատակով ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։
Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։