23.11.2024
Կառավարությունն արգելեց ծխախոտային փոխարինիչների ցուցադրումն ու օգտագործումը
prev Նախորդ նորություն

Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա. ԱԽ քարտուղար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համապարփակ պատասխան եղել է և հույսով եմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմը այլևս կխուսափի՝ որևիցէ գնահատական տալու ՀՀ վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


"Այդ գնահատականները որևէ կերպ չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից: Մանավանդ, հայ և բելառուս ժողովրդի հարաբերություններից",- ասաց նա:


Դիտարկմանը, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Լուկաշենկոն Հայաստանի մասին խոսում է ոչ դիվանագիտական լեզվով, Արմեն Գրիգորյանը հակադարձեց՝ "մենք շարունակում ենք խոսել դիվանագիտորեն" և կրկին հույս հայտնեց, որ նման միջադեպերը չեն կրկնվի:


Նա նաև խուսափեց հստակ պատասխանել հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները պահանջել են Բելառուսի նախագահի ներողությունը այս միջադեպի հետ կապված:


Հարցին՝ Հայաստանի օրակարգում կա՞ Միութենական պետությանը միանալու հարց, ԱԽ քարտուղարն ասաց.


"Հայաստանի օրակարգում նման հարց չկա: Եթե նման հարց չկա, ապա իմ դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և կշարունակի մնալ այդպիսին",- հավելեց նա: