Կառավարությունն արգելեց ծխախոտային փոխարինիչների ցուցադրումն ու օգտագործումը
Կառավարության փետրվարի 10-ի նիստում որոշվեց արգելել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը։
Հիշեցնելով, որ 2020 թվականին կառավարությունը քաղաքական որոշում կայացրեց ծխախոտային արտադրատեսակների և փոխարինիչների վերաբերյալ` էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այդ որոշման դրույթները հերթով մտնում են ուժի մեջ։
Նրա խոսքով, այս որոշմամբ սահմանափակվելու են նաև ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը։
«Եվ կարծում ենք, որ սա կարևոր ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի և մարդկանց առողջության մեջ։ Այս տեխնիկական կանոնակարգի ընդունումից հետո, որի ուժի մեջ մտնելու ժամկետը հրապարակման հաջորդ օրն է, բոլոր փոխարինիչները պետք է սրբվեն դարակաշարերից և ցուցադրությունից։ Մենք այսպիսով ամբողջությամբ կազատենք մարդկանց տեսադաշտը ծխախոտային արտադրատեսակներից»,- ասաց նա։
Էկոնոմիկայի նախարարի կարծիքով` սա կարևորագույն ներդրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից Հայաստանում արգելվել է առևտրի կետերում, խանութներում ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ցուցադրությունը, գովազդը: Այնուհետև տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանից հետաքրքրվեց` արդյոք պատշաճ վերահսկողություն իրականացվում է այդ ուղղությամբ:
«Վերահսկողություն իրականացվում է ամբողջ ծավալով»,- հայտնեց Արթուր Ասոյանը: