ԱԺ-ն մերժեց նվազագույն աշխատավարձը 68 հազարից 100 հազար դրամ դարձնելու նախագիծը
Փետրվարի 8-ին Ազգային ժողովն սկսեց հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են նստաշրջանի օրակարգում գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերի ընդգրկման հարցը:
Աղվան Վարդանյանը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության առաջարկած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68-ից դարձնել 100 հազար դրամ:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հստակեցրեց, որ ընդդիմության գործընկերների նախաձեռնությունը վերաբերում է միայն ամսական աշխատավարձին, բայց չի վերաբերում վարձու կամ ժամավարձային աշխատողների ժամավճարներին:
Բացի այդ, նախագծով առաջարկվող նորմերը հակասում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքներին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում նշեց նաեւ նախագծի թերությունները: Պատգամավորը, մասնավորապես, ընդգծել է, որ կառավարությունը, տնտեսական հնարավորություններին համապատասխան, նախատեսում է նվազագույն աշխատավարձի բարձրացում մինչեւ 85 հազար դրամ:
Քվեարկության արդյունքում նախագիծը չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:
Խորհրդարանը հաստատեց նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը, որից հետո անցավ նախագծերի քննարկմանը: