24.11.2024
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Էրդողանի և Ալիևի միջև շարունակվում են մութ հարաբերությունները. թուրք ընդդիմադիր պատգամավոր

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Այքութ Էրդողդուն օրերս Twitter-ի իր էջում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի վերաբերյալ։ Նրա պնդումներին արձագանքել է պաշտոնական Բաքուն։


Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, թուրք ընդդիմադիր պատգամավորը, հղում անելով Թուրքիայի հաշվեքննիչ դատարանի (Sayıştay) զեկույցներին, ինչպես և էներգետիկ փորձագետների բացահայտումներին, պնդել է, որ Թուրքիան շուրջ 5 միլիարդ դոլարի վնաս է կրել Ադրբեջանի հետ 2001 թվականին մարտի 12-ին կնքած պայմանագրում կատարված փոփոխություններց։ Նշել է, որ կոռուպցիա է առկա Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացում։


Բացի այդ Էրդողդուն պնդում է առաջ քաշել առ այն, որ Թուրքիան որևէ առավելություն չի ստանում Տրանս-անատոլիական գազամուղի ծրագրից (TANAP) և հնարավոր չէ հասկանալ, թե ինչու է դրանում պետությունն այդչափ ներդրում արել։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ գազամուղի մրցույթում հաղթած ընկերություններից մեկի՝ «TEKFEN»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է նախկինում նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ աշխատած Մյուբարիզ Մանսիմովին, որի անունը վերջերս հաճախ է շոշափում հետախուզման մեջ գտնվող թուրք հանցավոր հեղինակություն Սեդաթ Փեքերը։


«Մինչ Էրդողանի և Ալիևի միջև շարունակվում են այս խառը և մութ հարաբերությունները, Թուրքիայի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Petkim»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը փոխանցվել է «SOCAR»-ին․․․ և այս փոխանցումից հետո «SOCAR»-ը լուրջ առավելություններ է ստացել»,-նշել է ԺՀԿ-ական գործիչը։


Էրդողդուի նշյալ հայտարարություններին կոշտ է արձագանքել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանն «անհիմն մեղադրանքների» համար ներողություն է ակնկալում ԺՀԿ-ական պատգամավորից։ Նշել է, որ հակառակ դեպքում իրենց իրավունք են վերապահում հարցը բարձրացնել իրավական մակարդակում։


«Առաջին անգամ չէ, երբ ԺՀԿ որևէ ներկայացուցիչ հակաադրբեջանական դիրքորոշում է որդեգրում և անհիմն մեղադրանքներով փորձում է խառնել իրադրությունը։ Սակայն, այդ ջանքերը որևէ արդյունք չեն ունենալու, քանի որ հայամետ քաղաքական գործիչների մանիպուլյացիան չի կարող ստվեր նետել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»,-հայտարարել է Աբդուլաևան։