24.11.2024
Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ
prev Նախորդ նորություն

Վրաստանի ՆԳ նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և ոստիկանության կոլեգիայի անդամների ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։


Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Հյուրերը ծանոթացան թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։


«Նույն օրը Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը եղավ ոստիկանության զորքերում։ Նրանց ներկայացվեցին ոստիկանության զորքերի զորամասերի սպառազինությունը, հատուկ միջոցները, զրահատեխնիկան, ծառայողական տրանսպորտային միջոցները և այլն։


Ոստիկանության զորքերի ծառայողները հասարակական կարգի պահպանման ցուցադրական ելույթներ ունեցան։ Հատուկ վաշտի ծառայողները ցուցադրեցին մարտարվեստի հնարքներ, ինչպես և ահաբեկչական խմբի վնասազերծման գործողություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ Ոստիկանության զորքերի նվագախումբը հանդես եկավ ցուցադրական ելույթով։ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հավերժության պուրակում, որտեղ տնկված են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառեր։