Արտակ Զաքարյան. 44-օրյա պատերազմը վերջակետ չի դրել Արցախի հարցում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չի ավարտվել, 44-օրյա պատերազմը վերջակետ չի դրել այդ հարցում: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, հայտարարել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը ձգտում է ունենալ անկախ, կայուն զարգացող, անվտանգ եւ ապահով պետություն, Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: «Նույնիսկ այսօր, առերեւույթ անելանելի վիճակում լինելով, մենք ելք գտնելու հնարավորություն ունենք։ Այլ հարց է, որ ներկայիս կապիտուլյացիոն իշխանությունները չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել այդ ուղիները։ Այլ հարց է, որ նրանք թույլ են, եւ վախեցած են այն աստիճան, որ չեն ցանկանում կամ վախենում են տեսնել այդ հնարավորությունները», - հայտարարել է Զաքարյանը։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ գործող իշխանությունը վախենում է բարձրացնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, հայկական տարածքի օկուպացիայի մասին հարցը, վախենում է անգամ նշել բանակի օրը:
«Իշխող թիմի ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ միևնույն է պատասխանատվություն կկրեն իրենց բոլոր ձախողումների համար։ Որքան շուտ նրանք գիտակցեն իրենց պատասխանատվությունը և լքեն իշխանությունը, այնքան ավելի հեշտ կլինի երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից և վերականգնել Հայաստանի ինքնիշխան դերը տարածաշրջանային գործընթացներում», - կարծում է նա։