23.11.2024
Արմեն Սարգսյանի հրաժարականը պաշտոնապես ընդունվեց
prev Նախորդ նորություն

Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել կալանավորել դատավոր Բորիս Բախշիյանին

Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։


«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ն բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։


Միջնորդությունների քննարկումը ԲԴԽ-ն սկսել է հունվարի 31-ին՝ ժամը 17։00-ից սկսած։ Նախ քննարկել, ապա բավարարվել է Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության մասին միջնորդությունը, ապա՝ մինչև կեսգիշերն անց ԲԴԽ-ն քննել է ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը և խորհրդակցական սենյակում որոշում կայացրել՝ այն բավարարելու մասին։


Այլ խոսքով՝ դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարված է և վարույթն իրականացնող մարմինը կարող է հետապնդում իրականացնել և կալանավորման միջնորդություն ներկակացնել դատարան։


Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:


Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։


Նշենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։