Արցախից տեղահանվածները ԱՄԿ-ի գրասենյակի ու ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել
Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչներն այսօր, հունվարի 27-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի և ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Բողոքի ակցիան կազմակերպել են «Հանուն Հադրութի» ու «Շուշիից բռնի տեղահանվածների» ՀԿ-ները:
Արցախի բնակիչները ՄԱԿ-ի երևանյան գրեսենյակին նամակ են հանձնել և տեղափոխվել ԱԳ նախարարության դիմաց՝ բողոքի ակցիան շարունակելու համար:
Արտաքին գործերի նախարարության դիմաց ակցիայի մասնակիցներին դիմավորեց ուստիկաններից կազմված «պատը»՝ թույլ չտալով նրանց մուտք գործել նախարարության շենք: Արցախցիները պահանջել են հանդիպում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի նամակ հանձնեն նախարարին:
Որոշվեց նամակը հանձնել նախարարություն, սակայն մինչ այդ բողոքի ակցիայի մասնակցիներն ընթերցեցին այն, որում մասնավորպես ասված է՝ տեղահանված արցախցիները հայտնվել են անելանելի վիճակում:
«Փաստացի փախստականի կարգավիճակով գտնվելով Ացախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ սակայն առանց կարգավիճակի ու ապագայի տեսլականի։ Եվ այպես մեկ տարի ու երեք ամիս։ Հայաստանի ու Արցախի կողմից տրված չնչին նպաստները չեն բավարարում նույնիսկ ֆիզիկական գոյության համար, այնինչ մենք ՝ որպես մարդ ունենք ապրելու իրավունք, որը որոշ ուժեր փորձում են մեզանից օտարել:
Մեզ հետաքրքրում է Արցախի Հանրապետության քաղաքական ու սոցիալական կարգավիճակը, քանի որ մեզ՝ Հայաստանում վերաբնակվողներիս առաջարկում են վերադառնալ Արցախ։ Մենք ուզում ենք քննարկել մեր՝ փախստականի փաստացի կարգավիճակի իրավական հարցերը։ Այս հարցերի քննարկումից ու լուծումից է կախված մեր բնակության հարցերը։
Նման իրավիճակում վերադառնալ Արցախ ոչ միայն անհնար է, այլև հղի է նոր ցեղասպան գործողություններով։ Ուստի այդ տարբերակը մեզ համար իսպառ բացառվում է, իսկ նման որոշում ընդունողները ոճրագործներ են»,-ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունն ընթերցելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները նամակը հանձնել են ոստիկաններին՝ ԱԳ նախարարին փոխանցելու համար։