Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հայկական կողմին ուղղված ագրեսիվ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի էլեմենտ կա:
Այսօր, հունվարի 24-ին, առցանց մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Իլհամ Ալիևի շուրջ տաս օր առաջ արված ագրեսիվ հայտարարությունները, նկատեց, որ հայաստանյան իրականության մեջ չի նկատվում Ադրբեջանից հնչող հայտարարություններում առկա «որոշ նրբություններ»:
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն երրորդ անգամ չի ցանկանում պատերազմել, սակայն Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը վերջապես ճանաչի իր տարածքային ամբողջականությաւնը: «Բայց եթե տեսնենք, որ սպառնալիք կա մեզ համար, այդ սպառնալիքը տեղում կոչընչացվի», - ասել է Ալիևը:
Հարցին՝ արդյոք պաշտոնական Երեւանը կճանաչի Ադրբեջանի տրածքային ամբողջականությունը եւ նման ագրեսիվ հռետորաբանության դեպքում հնարավոր է տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատման, Փաշինյանը պատասխանել է.
«Այդ հայտարարությունների մեջ տարբերակենք ռացիոնալ եւ էմոցիոնալ կողմերը: Այս վերջերս մեր մի քննարկման ժամանակ շատ կարեւոր դիտարկում հնչեցրեց մի վերլուծաբան: Ինքն ուշադրություն հրավիրեց փաստին, որ Ադրբեջանից հաճախ հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994-ից հետո: Երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, այդ վերլուծաբանը ուշադրություն հրավիրեց, որ 1994-ից հետո տասնյակ տարիներ Արցախից ու Հայաստանի հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է», - ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, հաճախ հնչում են հայտարարություններ Երեւանն ադրբեջանական քաղաք լինելու մասին: «Այդ վերլուծաբանը նկատեց, որ 1994-ից հետո շատ հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական քաղաք է:
Նկատի ունեմ, որ այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի էլեմենտ կա, ինչը հույս ունեմ՝ էմոցիոնալ հանգամանք է: Դա օգտակար չի», - եզրափակեց նա: