Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը. Զախարովա
Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Բաքուն թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ հարցն, իբր, փակված է։
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին նրա մանդատին համապատասխան։ Եվ, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք առաջացել են 2020 թվականից հետո։ Մեր նման դիրքորոշումն ամբողջությամբ կիսում են Մինսկի խմբի մեր գործընկերները, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Դա իր արտացոլումն է գտել Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ անցյալ տարվա դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ», - ասել է Զախարովան պատասխանելով VERELQ-ի հարցին։
Նա հիշեցրել է, որ այդ փաստաթղթում կոչ է արվել Բաքվին և Երևանին մոտ ժամանակներս ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տարածաշրջանում, ինչը թույլ կտա նրանց գնահատել իրավիճակն անմիջապես հողի վրա, տեղում, հասնել շոշափելի առաջընթացի հումանիտար նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են «եռյակի» և Հայաստանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների ժամանակ։
«Նշված շփումների արդյունքում, իսկ դրանք տեղի են ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին եւ նոյեմբերին, համապատասխանաբար Նյու Յորքում եւ Փարիզում, համանախագահները 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում երկու նախարարների են փոխանցել հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկություններ: Դա ուղղված էր հումանիտար հրատապ խնդիրների և հարցերի լուծմանը, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մենք կողմերից ակնկալում ենք պաշտոնական արձագանք, այդ թվում՝ «եռյակի» տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության վերաբերյալ»,- ասել է Զախարովան։