Պղինձը կարեւոր դեր է խաղալու համաշխարհային էներգետիկ համակարգում: Այդ մասին ասվում է համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կայքում ռուս խոշորագույն գործարարներից մեկի՝ USM խմբի հիմնադիր Ալիշեր Ուսմանովի սյունակում, փոխանցում է ՌԲԿ-ն։
«Պղինձը հաճախ անվանում են «նոր ոսկի», «նոր նավթ» կամ նույնիսկ «ապագայի մետաղ»՝ ցածր ածխածնային տնտեսության եւ բարձր տեխնոլոգիական ոլորտներում նրա անփոխարինելի դերի պատճառով»,-հայտարարել է նա:
Հոդվածում Ուսմանովը մեջբերել է Միջազգային էներգետիկ գործակալության տվյալները, որոնց համաձայն մինչեւ 2040 թվականը էկոլոգիապես մաքուր էներգետիկ տեխնոլոգիաներում օգտագործվող հանքանյութերի եւ մետաղների շարքում կգերիշխի պղնձի, նիկելի եւ գրաֆիտի պահանջարկը: Այդ ժամանակ պղնձի պահանջարկը 2020 թվականի համեմատ կաճի 2,7 անգամ։
«Այդ մետաղը նույնպես որոշիչ նշանակություն կունենա վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաների համար», — գրում է Ուսմանովը:
Դրա հետ մեկտեղ, նշում է USM-ի հիմնադիրը, առաջիկա տարիներին պղնձի պահանջարկը հանգեցրել է մետաղի գների տատանումների եւ ապագայում կարող է գերազանցել առաջարկը: Պղնձի դեֆիցիտից խուսափելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել երկրաբանահետախուզական եւ նոր նախագծերում, ինչպես նաեւ զարգացնել տեխնոլոգիաներ արդյունահանման եւ արտադրողականության ավելացման համար, կարծում է նա:
2020 թվականի մայիսին Համաշխարհային բանկը զեկույց է ներկայացրել, որի համաձայն մինչեւ 2050 թվականը պղնձի, գրաֆիտի, լիթիումի եւ կոբալտ հանքանյութերի արդյունահանումը կարող է աճել գրեթե 500 տոկոսով՝ մաքուր էներգետիկ տեխնոլոգիաների աճող պահանջարկը բավարարելու համար: Հեղինակների գնահատմամբ՝ քամու, արեգակնային եւ երկրաջերմային էներգիայի օգտագործման եւ էներգիայի պահպանման համար 2°C-ից պակաս մակարդակում տաքացման գործընթացը պահելու նպատակով կպահանջվի ավելի քան 3 մլրդ տոննա հանքանյութեր եւ մետաղներ:
2020 թվականին այն պղինձը, որն օգտագործվում է բոլոր ոլորտներում՝ սկսած էներգետիկայից եւ վերջացրած շինարարությամբ, աճել է ավելի քան 22 տոկոսով, ուշադրություն են դարձրել Goldman Sachs-ի վերլուծաբանները:
Մետաղի արժեքի բարձրացումը պայմանավորված է կարանտինային միջոցառումների պատճառով մատակարարման ընդհատումներով եւ Չինաստանի կողմից պահանջարկի արագ վերականգնմամբ: Նրանց կանխատեսումների համաձայն, գները, «շատ հավանական է», կհասնեն պատմական մաքսիմումի 2022 տարի առաջին կեսին:
Նշենք, որ պղնձի միջազգային գների բարձրացման սպասումների մասին Ուսմանովի կանխատեսումը, կարևոր նորություն է նաև Հայաստանի համար, որը պղնձի հանքաքար է արտահանում: 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 509.8 հազար տոննա, որի մաքսային արժեքը կազմել է 604.4 մլն դոլար։ Ըստ այդմ՝ 1կգ-ի արժեքը կազմել է ընդամենը 1.2 դոլար։